Բացի գեղեցկությունը, մենք հաշվի ենք առնում նաև մասնակցի բնավորությունը. Գոհար Հարությունյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Բացի գեղեցկությունը, մենք հաշվի ենք առնում նաև մասնակցի բնավորությունը. Գոհար Հարությունյան. life.panorama.am

Հուլիսի 8-ին տեղի ունեցավ «Միսս Հայուհի 2018» գեղեցկության մրցույթը, որի հաղթող ճանաչվեց 24-ամյա Արենա Զեյնալյանը՝ Թեհրանից։ Սակայն մրցույթից ընդամենը օրեր անց մասնակիցներից մեկը՝ Շուշան Գրիգորյանը, ով լավագույն տասնյակում էր,  հարցազրույցներից մեկում հայտարարել է, թե նախքան մրցույթի օրը բոլոր մասնակիցներն արդեն իմացել են հաղթողի անունը: Այս մասին խոսելու և մեկնաբանություն ստանալու նպատակով՝ Life.panorama.am-ը կապ հաստատեց «Միսս Հայուհի 2018»-ի կազմակերիչ Գոհար Հարությունյանի հետ:

«Նախ պետք է ասեմ, որ մենք խնդիր ունենք կապված պարտության հոգեբանության հետ. Բավականին թույլ է մասնակիցների ընկալումը, որ սա մրցույթ է և կարող են նաև պարտվել: Բնականաբար, 20 մասնակիցներից ամեն մեկին էլ ընտանիքն ու ընկերներն ասում են, որ դու ամենասիրունն ու արժանին են, հետևաբար շատ ծանր են տանում, որ չմտան տասնյակ, հնգյակ, եռյակ և կամ չհաղթեցին: Արդյունքում, արդեն երկրորդ տարին է, բոլորը դժգոհություններ են հայտնում, բայց կա նաև հատուկենտ դեպքեր, որոնք առավելապես են իրենց վրդովմունքը հայտնում»,- նշեց Գոհարն ու շարունակեց.

«Շուշանը մրցույթից առաջ էլ էր իր դժգոհությունը հայտնում, ասում էր Արենան է հաղթելու, որ անարդար է, բայց այդ կերպ խոսելու որևէ պատճառ նա չուներ: Արենան շատ բարեհամբյուր է եղել բոլոր աղջիկների նկատմամբ, մենք իրեն առանձնահատուկ ուշադրություն չենք դարձրել, նա անգամ «Միսս համերաշխություն» ճանաչվեց հենց մասնակիցների կողմից: Պատահական չէ, որ մենք աղջիկներին նույն հարկի տակ ենք պահում երկու շաբաթ շարունակ և այդ ընթացքում տեսնում ենք, թե աղջիկներից յուրաքանչյուրն ինչպես է հաղթահարում մինչմրցութային ստրեսը, ինչքանով է հանդուրժող, ինչ հարաբերություններ է ստեղծում մյուս աղջիկների հետ: Կոնկրետ Շուշանը մեզ շատ մեծ դժվարություններ տվեց այդ ընթացքում, նա հաճախ էր տխրում, չէր շփվում, իսկ վերջում նրա լարվածությունը հիստերիայի էր հասել: Անգամ ընթացքում ինքս նրան առաջարկեցի, որ դուրս գա, չշարունակի այլևս, բայց նա լռեց ու շարունակեց: Ավելին՝ իր բացասական վերաբերմունքը մյուս աղջիկների վրա էլ էր տարածում, նրանցից մի քանիսն անգամ ասացին, որ եթե գումար ունենային, կվճարեին ու դուրս կգային մրցույթից, բայց ես նրանց առաջարկեցի անգամ առանց վճարելու հեռանան, եթե կարծում են, թե անարդար է լինելու: Իհարկե, նրանք դուրս չեկան ու շարունակեցին իրենց մասնակցությունը»:

Գոհարը վստահեցրեց, որ Շուշանին համակրել է, բայց հետո հիասթափվել է նրա  նման վերաբերմունքից.

«Եթե այդ աղջկա վերաբերմունքն այլ լիներ, մենք հաստատ հետագայում կաշխատեինք նրա հետ, քանի որ ես գնահատում եմ նրա և գեղեցկությունը, և ինտելեկտը»,- ընդգծեց մրցույթի ղեկավարը՝ հավելելով.

«Դուք պատկերացնո՞ւմ եք, որ եթե Շուշանն իր այդ բնավորությամբ գնար «Միսս աշխարհ» և այնտեղ ևս անդադար դժգոհեր, արդյունքում կսևացներ մեր երկրի անունը: Բացի գեղեցկությունը, մենք հաշվի ենք առնում նաև մասնակցի բնավորությունը և հավասարակշռվածությունը»:

Գոհար Հարությունյանը ընդգծեց, որ հաղթողն ընտրվել է անաչառ քվեարկությամբ:

«Իհարկե, մենք տեսնում էինք նաև Արենայի թերությունները, բայց նա այդ օրը բեմում իսկապես ամենալավ կեցվածքն ու ժպիտն ուներ: Ավելին ասեմ՝ մրցույթից մի քանի օր առաջ, երբ բողոքները սկսվեցին, ինքս մասնակիցների շրջանակում թերթիկներ բաժանեցի և ասացի, որ այդ պահին իրենք են ժյուրին ու թող ընտրեն 1-ին, 2-րդ և 3-րդ տեղը զբաղեցնող աղջիկներին, և ասեմ, որ փակ քվարկությամբ ընտրվեց հենց Արենան, իսկ երկրորդ տեղում՝ կրկին Հռիփսիմեն»,- ավարտեց մեր զրուցակիցը:

life.panorama.am



Նման նյութեր