Երեկ՝ հուլիսի 19-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արթիկ քաղաքի բնակիչ՝ 19-ամյա Կարապետ Գրիգորյանը ոստիկանության Արթիկի բաժին հայտնել է, որ նույն օրը Արթիկ քաղաքի Գործարանային փողոցում գտնվող ֆուտբոլի մարզադաշտին հարակից տարածքում իր հետ վիճաբանել են համաքաղաքացիներ՝ 35-ամյա Հովհաննես Հարությունյանն ու 47-ամյա Արմեն Երիցյանը, որի ժամանակ նշված անձինք ծեծի են ենթարկել իրեն, ինչի հետևանքով գլխի շրջանում վնասվածքներ է ստացել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները հայտնաբերել են Կ. Գրիգորյանի մատնանշած կասկածյալ անձանց, հրավիրել են ոստիկանություն, որտեղ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը բացատրություն է վերցրել և բաց թողել։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Հարությունյանն ու Ա. Երիցյանը աշխատում են ֆուտբոլի մանկապատանեկան մարզադպրոցում՝ որպես մարզիչներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: