Ձմերուկի շքերթ, հյուրասիրություն, մրցույթներ ու վառ գույներ. հուլիսի 22-ին Երևանում «ձմերուկային» տրամադրություն կտիրի
Advertisement 1000 x 90

Ձմերուկի շքերթ, հյուրասիրություն, մրցույթներ ու վառ գույներ. հուլիսի 22-ին Երևանում «ձմերուկային» տրամադրություն կտիրի

«Երևանյան ամառ 2017» միջոցառումների ծրագրով Կարապի լճի հարակից տարածքում հուլիսի 22-ին կանցկացվի Ձմերուկի  6-րդ՝ արդեն ավանդական դարձած ընտանեկան փառատոնը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը ներկայացրեց Ձմերուկի փառատոնի հետաքրքրությունները, խաղերը, նորամուծությունները և մի շարք այլ մանրամասներ:

Փառատոնի ժամն ու վայրը

Երևանյան ամառ ծրագրի շրջանակում հուլիսի 22-ին ժամը 19:00-ին Կարապի լճի տարածքում տեղի է ունենալու Ձմերուկ-ի 6-րդ փառատոնը: Այն ժամանցային հետաքրքիր միջոցառում է, որտեղ ամեն ինչ կապված է ձմերուկի հետ:

Ձմերուկի հյուրասիրություն

Հուլիսի 22-ին օրվա ընթացքում քաղաքի տարբեր հատվածներում կլինի ձմերուկի հյուրասիրություն: Թե՛ երևանցիները, թե՛ մայրաքաղաք եկած հյուրերը կարող են վստահ լինել՝ իրենց բաժին ձմերուկն անպայման կստանան: Սա ձմերուկի սեզոնի յուրօրինակ ու պաշտոնական բացում է:

Մրցույթներ ու խաղեր

Երևանի բոլոր վարչական շրջանները ներկայանալու են ձմերուկի՝ իրենց յուրահատուկ ձևավորմամբ: Կանցկացվի մրցույթ, կընտրվեն հաղթողներ:

«Չեմ ցանկանում շատ փակագծերը բացել, բայց ասեմ, որ մրցույթների շարքում կլինի նաև փակ աչքերով ձմերուկ ուտելը, ամենաարագ ձմերուկ ուտողը և այլն: Մրցույթի բոլոր մասնակիցները մեր գործընկեր կազմակերպությունների կողմից կստանան մրցանակներ»:

Հետաքրքրություններ ու նորամուծություն

Մինչ 19:00-ն քաղաքում լինելու է շքերթ, որի ընթացքում ամբողջ քաղաքով տարբեր կերպարներով շրջելու են մարդիկ, ովքեր ձմերուկ են հյուրասիրելու անցորդներին ու կոչ անելու՝ միանալ փառատոնին: Քաղաքում արդեն իսկ տիրում է «ձմերուկային» տրամադրություն, քանի որ քաղաքի տարբեր հատվածներում ֆլեշմոբեր են անցկացվում հայտնի մարդկանց և տարբեր բեմականացումների միջոցով:

«Ամեն տարի մենք փորձում ենք ավելի բարելավել Ձմերուկի փառատոնը, բայց այս տարի պետք է գերիշխի Երեւանի հիմնադրման 2800-ամյակի սիմվոլիկան»:

Ձմերուկի ձևավորումներ,  համերգային ծրագիր, երգ ու պար

Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններին առաջարկվել է ձեւավորման թեմա Երևանի 2800-ամյակը: Կլինի նաև համերգային գեղեցիկ ծրագիր՝ երգ ու պարի ուղեկցությամբ՝  թե՛ ազգային, թե՛ միջազգային:

Զբոսաշրջիկներ

Կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մասնակիցների, այցելուների քանակը ավելանում է, այդ թվում նաեւ՝ զբոսաշրջիկների: Տուրիստական գործակալությունները այս փառատոնը և «Երևանյան ամառ» ծրագրում ներառված այլ փառատոններ՝ Տարազ ֆեսթը, Գարեջրի և Խոսող խաղալիքը փառատոնները, ընդգրկում են իրենց տուրերի մեջ: Երեւանի քաղաքապետարանը նպատակ ունի միտումն էլ ավելի զարգացնել: