Գլխավոր դատախազության պաշտոնյան 30-ամյա ծայրահեղ ծանր վիճակում գտնվող կալանավորին հնարավորություն չի տալիս պայքարել մահվան դեմ. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Գլխավոր դատախազության պաշտոնյան 30-ամյա ծայրահեղ ծանր վիճակում գտնվող կալանավորին հնարավորություն չի տալիս պայքարել մահվան դեմ. shamshyan.com

Արդեն մի քանի օր է, «Էրեբունի» բժշկական կենտրոնի հոգատարության տակ կյանքի համար կենաց-մահու պայքար է տալիս 30-ամյա Արթուր Օսիպյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս 2009 թվականին ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի հատկանիշներով դատապարտվել է 12 տարվա ազատազրկման և իր պատիժն է կրում մի քանի կալանավայրերում։ Արդեն կալանավայրերում նա ձեռք է բերել ՄԻԱՎ-ՁԻԱՀ հիվանդություն, որը բժշկական հանձնաժողովի կողմից ճանաչվել է 4-րդ կլինիկական փուլ։

Վերջին տարիներին նրա մոտ ծանր արտահայտված իմունային անբավարարություն է ախտորոշվել, ինչպես նաև բժշկական հետազոտմամբ պարզվել է, որ նրա մոտ կա կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգերի ախտահարում՝ լիմբիկ էնցեֆալիտով և վերջույթների պոլիներոպաթիա։ 2016 թվականից նա հաշվառվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում։

Ա. Օսիպյանի հարազատները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Միջգերատեսչական հանձնաժողովը, ուսումնասիրելով բժշկական փորձաքննությունների արդյունքները, բժիշկների տված եզրակացությունները, որոշել է, որ Ա. Օսիպյանը ներառված է կառավարության սահմանված այն կարգում, որ նման հիվանդություններ ունեցողին օր առաջ պետք է ազատեն և նա իր բուժումը ստանա համապատասխան բուժհաստատություններում։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարել է Ա. Օսիպյանի փաստաբան Լուսինե Զեյնալյանի դիմում-միջնորդությունը, սակայն գլխավոր դատախազության պատիժների կատարման վերահսկողության վարչության պետ Գրիգոր Պողոսյանը, չգիտես ինչու, բողոք է ներկայացրել Մ. Մարտիրոսյանի միջնորդության դեմ ու հիմա Օսիպյանը հնարավորություն չունի իր բուժումը անցկացնել համապատասխան բուժհաստատություններում, թեպետ նրա հարազատները արդեն հաշտվել են այն մտքի հետ, որ կալանավայրերում նրա բուժումը հնարավոր չի և դա շատ լավ է հասկանում մեծն դատախազը, ու հիվանդին կարծես, հնարավորություն չի տալիս իր բուժումը կանոնավոր ստանալ, ինչը ոտնձգություն է մարդասիրական սկզբունքներին»։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փաստաբան Լ. Զեյնալյանը դիմել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, որպեսզի գոնե իրենք առաջնորդվեն «ընկածին չեն խփում սկզբունքով» և հնարավորություն տան, որպեսզի Ա. Օսիպյանը իր բուժումը ստանա համապատասխան բուժհաստատությունում։

SHAMSHYAN.com-ը պատրաստ է ներկայացնելու ՀՀ արդատադատության և առողջապահության նախարարությունների տեսակետը նշված խնդրի վերաբերյալ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com