5 նշան, որ չի կարելի անուշադրության մատնել
Advertisement 1000 x 90

5 նշան, որ չի կարելի անուշադրության մատնել

Նևրոզը նյարդային համակարգի խանգարում է, որը կարող է բուժվել: Հարկավոր է ուշադիր լինել և անուշադրության չմատնել այս խնդիրը՝ հետագա բարդություններից խուսափելու համար: Estet-portal.com-ը ներկայացրել է 5 նշան, որոնք կօգնեն հասկանալ նևրոզի առկայությունը:

Տագնապ և ինքնավստահության բացակայություն: Զգացմունքային լարվածության հետևանքով նկատվում է քրոնիկ տանգնապայնություն, որին սովորաբար ուղեկցում են սեփական ուժերի նկատմամբ անինքնավստահությունը, մշտական ճնշվածությունը, հոգնածությունը: Նկատվում է կենտրոնացում որոշակի խնդրի վրա, որը հաղթահարելու համար հիվանդը ոչ մի ջանք չի գործադրում:

Բացակայում է մասնագիտական գործունեության ոլորտում ակտիվ գործողությունների, կոնֆլիկտային, բարդ իրավիճակները հաղթահարելու, նպատակներին հասնելու ձգտումը: Հիվանդը հակված է բարդույթների առաջացման, ոչ ադեկվատ ինքնագնահատականի, որը կարող է թե ցածր, թե բարձր լինել, հանգեցնել անառողջ պերֆեկցիոնիզմի:

Նևրոզի դեպքում հաճախ նկատվում են հիշողության վատացում, մոռացկոտություն: Հիվանդը խորասուզվում է սեփական խնդիրների մեջ, ինչը հաճախ ուղեկցվում է միայնակ մնալու ցանկությամբ, շփումից հրաժարվելով: Նրան նյարդայնացնում և ցավ են պատճառում նույնիսկ վառ լույսը, կտրուկ բարձր ձայնը, նա չի կարողանում ադեկվատ արձագանքել ջերմային պայմաններին: Շատ հաճախ նկատվում են քնի խանգարումներ, այդ թվում՝ թե՛ անքնություն, թե՛ քնկոտություն: Հիվանդը ծայրահեղական մոտեցմամբ է գնահատում իր վիճակն ու պահվածքը:

Գլխացավեր: Ցավի տեսակը կարող է տարբեր լինել, որպես կանոն՝ կախված նևրոզի տեսակից:

Ցավի զգացում սրտի հատվածում: Սոմատիկ նևրոզների դեպքում նկատվում են ցավային զգացումներ, որոնք բնորոշ են լուրջ հիվանդությունների: Այդ թվում՝ կարող են նկատվել ցավեր որովայնի հատվածում: Ցավի նոպաները կարող են առաջանալ՝ անկախ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից:

Բացի այդ՝ կարող են նկատվել նաև սրտի ռիթմի խանգարումներ, առատ քրտնարտադրություն, շնչահեղձություն, վերջույթների դող, ճնշման կտրուկ բարձրացում կամ անկում: Այս ամենը կարող է ուղեկցվել տագնապային նոպաներով, որոնք, որպես կանոն, դրդող գործոն են ունենում:

Աղեստամոքսային տրակտի խանգարումներ: Աղեստամոքսային տրակտի օրգանների աշխատանքը ևս կարող է խանգարվել: Նյարդային լարվածության հետևանքով կարող են զարգանալ մի խումբ խնդիրներ, այդ թվում.

  • ախորժակի կտրուկ անկում
  • փսխում
  • ցավի, ծանրության, ճնշման զգացում որովայնի հատվածում:

Հաճախ նկատվում է նաև աղիների աշխատանքի խանգարում, այդ թվում.

  • դիարեա
  • փորկապություն
  • ծակոցներ, փքվածություն, սուր կամ երկարատև ցավեր:

Միզասեռական համակարգի խանգարում: Նևրոզն ազդում է գրեթե բոլոր համակարգերի աշխատանքի վրա: Կարող են նկատվել հաճախակի միզարձակման ցանկություն, դժվարություն այս պրոցեսներում: Նևրոզները կարող են բացասաբար ազդել նաև սեռական ֆունկցիայի վրա, նվազեցնել սեռական ցանկությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը