Ընդամենն օրեր անց՝ հուլիսի 25-ին, կկայանա «ԴեպուՏատի» շոուի հերթական տեսահոլովակի պրեմիերան: «Lady Cobuleti»՝ այսպես է կոչվում նոր երգը, որի մանրամասների մասին Ռաֆայել Երանոսյանը պատմել է Life.panorama.am-ին:
«Սա մեր համատեղ երկրորդ նախագիծն է, որին երկար էինք սպասում: Նոր աշխատանքը հայտնի երգերից մեկի հիման վրա է կառուցված, բայց բացահայտել, թե որ երգի, չեմ ցանկանա, որպեսզի անակնկալը ստացվի: Ի դեպ՝ նոր աշխատանքում կտեսնեք և տեսահոլովակ, և զվարճալի սկետչ. Դա հատուկ ենք արել, որպեսզի մարդիկ և ամառային հավեսով երգ լսեն, և ուրախանան»,- պատմեց Ռաֆոն ու շարունակեց.
«Երգի խոսքերը գրել է Արմեն Վարդանյանը, երաժշտական ձևավորմամբ զբաղվել է DJ Smoke-ը, դե իսկ ճիշտ երգեցողության խորհուրդները ինչպես միշտ տվել է Ռիչարդ Մադլենյանը: Ի տարբերություն նախորդի՝ այս երգում բողոք չկա, սա ուղղակի անկումբային ուրախ երգ է, որը կրկին մեր իրականության մասին է, բայց առանց բողոքի: Թեև երգը կոչում է «Lady Cobuleti», բայց այն նվիրված է բոլոր ծովափերում հանգստացողներին»:
Ի դեպ՝ Անդոյի և Ռաֆոյի հետ միասին երգել է նաև Սպիտակցի Հայկոն:
«Մի անգամ ընկերներով նստած էինք, Հայկոյին առաջարկեցինք մեր հետ ելույթ ունենալ, նա էլ սիրով համաձայնեց: Արդյունքում երգի կրկներգը նա կներկայացնի»:
Անդրադառնալով տեսահոլովակին՝ Ռաֆայելը նշեց.
«Տեսահոլովակը շատ վառ ու գեղեցիկ է ստացվել, բնականաբար՝ ծովափ, աղջիկներ ու մենք: Ի դեպ՝ նկարահանել է ռեժիսոր Դավիթ Գրիգորյանն ու օպերատոր Մկոն: Սկզբոււմ մտադրություն ունեինք մեկնել Վրաստան և Բաթումիում իրականացնեինք նկարահանումները, բայց հետո հասկացանք, որ այդ ողջ թիմին իրենց գործերից մի քանի օր կտրելն անհնար էր, ուստի տեսահոլովակը նկարահանվեց Սևանում՝ ընդամենը մեկ օրում: