Հայաստանում 2018 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է 6 հազար 72 արտակարգ դեպք, պատահար, որոնց 59.4 տոկոսը՝ տեխնածին, 38.2 տոկոսը՝ սոցիալ-կենսաբանական, 2.5 տոկոսը՝ տարերային:
«Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետփրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը նշեց, որ 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա առաջին կիսամյակում արտակարգ դեպքերի, պատահարների թիվն աճել է 3-ով:
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արտակարգ դեպքերի, պատահարների հետևանքով զոհվել է 164 մարդ: Նշված ժամանակահատվածում ԱԻՆ ստորաբաժանումները փրկել են 116 մարդու:
«Արտակարգ դեպքերի, պատահարների ընդհանուր կառուցվածքում գերակշիռ մասը՝ 92.1 տոկոսը, բաժին է ընկնում ճանապարհատրանսպորտային պատահարներին, հրդեհներին, թունավորումներին»,-ասաց Հովհաննես Խանգելդյանը:
Նրա խոսքով՝ ճանապարհատրանսպորտային պատահարների գերակշիռ մասը պայմանավորված է մարդկային գործոնով՝ արագության գերազանցում, ոչ սթափ վիճակում վարել, անսարք ավտոմեքենաներ շահագործել: Ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ այս տարի աճել է 212-ով: Աճել է նաև Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի, տուժածների թիվը:
Հովհաննես Խանգելդյանը նշեց, որ հրդեհների մասով առաջին կիսամյակում նկատվում է նվազում 7.7 տոկոսով, սակայն հունիս, հատկապես հուլիս ամիսներին պատկերն այլ է:
«Նախորդ տարի հունիսին և մինչև հուլիսի 20-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 532 հրդեհի դեպք, այս տարի արդեն 650-ից ավելի է: Բավական լուրջ աճ ունենք հուլիսի մի քանի շաբաթվա ընթացքում: Մեր քաղաքացիներին կոչ եմ անում շատ զգույշ լինել բաց կրակի հետ աշխատանք իրականացնելիս, ծխախոտի մնացորդը, ապակե տարաները և այլ համանման առարկաները դառնում են հրդեհների առաջացման պատճառ: Ցանկացած փոքր կայծից կարող ենք ողբերգական հետևանք ունենալ»,-ասաց ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետը: