Ադրբեջանցիներին զայրացրել է Զառայի այցի թեման
«Մգոյան» ազգանվան և «Իմ Հայաստան» երգի պատճառով ռուսաստանաբնակ երգչուհի Զառան անցանկալի հյուր է դարձել Բաքվի համար։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Minval պարբերականը։
Սոցիալական ցանցում տեղեկություն է տարածվել, որ ադրբեջանցի երգիչ, խոշոր գործարարի որդի և Ադրբեջանի նախագահի նախկին փեսա Էմին Ագալարովը երգչուհուն հրավիրել է «Ժարա» երաժշտական փառատոնին մասնակցելու։
«Ամոթ և՛ նրանց, ովքեր Բաքու են հրավիրում հայ երգչուհուն, և՛ նրանց, ովքեր թույլ են տալիս դա», «Ի՜նչ ամոթ է», «Անիծված լինեք, հայրենիքի դավաճաններ», «Ինչո՞ւ դա Քիմ Քարդաշյանը չէ», «Եկեք հրավիրենք Սերժ Թանկյանին և SOAD-ին», — գրել են օգտատերերը։
Զառայի պաշտպաններն էլ հայտարարում են, որ երգչուհին ոչ թե հայ է, այլ եզդի։
Ավելի վաղ նմանատիպ սկանդալի «հերոս» էին դարձել երգիչներ Ֆիլիպ Կիրկորովը և Իրինա Ալեգրովան, իսկ վրացի երգիչ Սոսո Պավլիաշվիլին ադրբեջանական հասարակությանը խիստ բարկացրել էր իր արցախյան այցով։