Փաշինյանը խոստանում է ՀՀ տնտեսությունն ավելի գրավիչ դարձնել արտաքին ու ներքին ներդրողների համար
Advertisement 1000 x 90

Փաշինյանը խոստանում է ՀՀ տնտեսությունն ավելի գրավիչ դարձնել արտաքին ու ներքին ներդրողների համար

Հայաստանի նոր կառավարությունը երաշխավորելու է բոլոր քաղաքացիների հավասարությունն օրենքի առաջ: Այս մասին Al-Jazeera հեռուստաընկերության հայտնի «Talk to Al Jazeera» ծրագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք տնտեսական բարեփոխումներ ենք իրականացնելու մեր տնտեսությունը ազատականացնելու, այն արտաքին ու ներքին ներդրողների համար ավելի գրավիչ դարձնելու նպատակով: Երաշխավորելու ենք ցանկացած ներդրման անվտանգությունը, ստեղծելու ենք բարձրորակ ենթակառուցվածքներ»,- ասել է ՀՀ վարչապետը:

Նա հավանական է համարել 2019 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Փաշինյանն ընդգծել է ժողովրդավար, թափանցիկ ու ազատ ընտրություններ ունենալու կարևորությունը:

ՀՀ կառավարության ղեկավարը խոսել է այն մասին, որ Հայաստանում վերջին ներքաղաքական իրադարձություններն իրականացվել են առանց որևէ արտաքին միջամտության: «Հեղափոխության ժամանակ ականատեսը եղանք նրա, որ մեր գործընկերները՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Իրանը, Եվրամիությունը, հարգում են մեր անկախությունն ու ինքնիշխանությունը և չեն միջամտում մեր ներքին գործերին»,- հայտարարել է Փաշինյանը: