Երգչուհի Լիլիթ Պիպոյանի հրապարակումը.
«Տեղադրում եմ նյութ Գյումրիի տիկնիկային թատրոնի անմխիթար վիճակի մասին, որն ինձ ուղարկել է Արմենուհի Մանուկյանը։ Օգնեք, ով հնարավորություն ունի։
Գյումրիի Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնը, որպես առաջին մանկական պետական թատրոն ՀՀ-ում, ծնունդ է առել 1935 թվականին: Նպատակը` մանուկների գեղագիտական դաստիարակությունն է: Էսթետիկական մի դպրոց է տիկնիկայինը, որտեղ երեխան կարող է շատ բան տեսնել, լսել, տարանջատել լավն ու վատը, սովորել… 1973թ.-ից «ՅՈՒՆԵՍԿO»-ին կից տիկնիկային թատրոնների համախարհային կազմակերպության (ՈՒՆԻՄԱ) անդամ է: 1969-1984թթ գործել է այլ հասցեում, իսկ 1984թ.-ից մինչ օրս գործում է Գյումրիի Աբովյան 133 հասցեում:
Շուրջ 34 տարի թատրոնում ներքին հարդարում չի իրականացվել, միայն դրսի ապակիները , որոնք վթարային էին և վտանգավոր էին անցուդարձողի համար:
Լինելով մանուկի բարոյահոգեբանական դաստիարակության օջախ` թատրոնը գործել է, գործում է մեծ նվիրվածությամբ և մեծ նվիրյալների շնորհիվ, ստեղծագործական վաստակավոր կազմի և երիտասարդների` դեպի թատրոն մեծ հոսքի շնորհիվ:
Որքան էլ ջանում ենք ժամանակի շնչով ներկայացումներ բեմադրել, ամեն կերպ հեքիաթ ստեղծել, միևնույն է, երեխան, մտնելով թատրոնի շենք` գույնի, լույսի ու հեքիաթի փոխարեն տեսնում է գորշ, հին, մռայլ պատեր, որի պատճառով 70% կորում է ներկայացման հաճելի լինելու փաստը:
Թատրոն մտնում են 0-100 տարեկան մանուկներ, ովքեր օգտվում են նաև խայտառակ վատ պայմաններով զուգարաններից:
Մտնում են դահլիճ, որտեղ առողջության համար վտանգավոր վիճակ կա` բեմի առաստաղի 34-ից ավել տարի հավաքած փայտե առաստաղից խոնավության սնկերն են բարևում դերասաններին ու մանուկներին, որտեղ ամեն անձրև դույլեր են շարվում, որտեղ խոնավ ու խունացած պատերի շնորհիվ տարվա ցանկացած եղանակի առանց ջեռուցում ապահովելու հնարավոր չէ ներկայացում նայել, առավել ևս՝ խաղալ:
Ստեղծագործական կազմը ստիպված հավաքվում է մի փոքրիկ, հին ու խարխուլ սենյակում,որտեղ նաև ներկայացման փորձերն են կազմակերպում: Արվեստանոցում, որտեղ ծնունդ են առնում տիկնիկները, շատ արագ նաև վնասվում են, տանիքի վատ վիճակից` կաթոցներից, որից նաև պատերն են վատ վիճակում:
Երաժշտական և լուսային սենյակում 34 և ավելի տարվա ներքին հարդարումն է, որը չի համապատասխանում նորմային:
Թատրոնին իրենց սեփական անձը նվիրած ողջ հանրույթը մեկ վայրկյան չի թուլացել, մեկ վայրկյան չի հիասթափվել, այլ միշտ հավատացել է վաղվա այն մեկ վայրկյանին, որում պիտի տեսնի իր թատրոնի շենքում իրական հեքիաթ, էսթետիկ վիճակ, գեղագիտական տեսք:
Նույն հավատարմությամբ ու հավատով մեզ չի լքում, այլ օրեցօր շատանում է 0-100 տարեկան մանուկ-հանդիսատեսը, ում համար այս թատրոնը ծնող է ` սիրող-փայփայող, խրատող ու դաստիարակող:
Հարգանքներով՝ մանկական հոգին հասկացող, մանկան ժպիտը սիրող և ընդունող այն բոլոր սրտացավ մարդկանց օգնական ձեռքին սպասող, Գյումրիի Ատեփան Ալիխանյանի անվան, ՀՀ-ում առաջին պետական մանկական տիկնիկային թատրոն»: