Առողջապահության նախարարը պետք է հրավիրեր «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանին, հետը զրույց ունենար կամ աշխատակիցների հետ հանդիպում ունենար, ոչ թե անմիջապես որոշումը կայացներ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Վ.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ուռուցքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանը՝ անդրադառնալով փաստին, որ առողջապահության նախարարի որոշումով Արա Մինասյանն ազատվել է «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնից:
«Այնտեղ ստուգումներ են իրականացրել, և այդ ստուգումների արդյունքներին ծանոթացել են լրատվամիջոցներից, բայց որ տնօրենը չէր հրավիրվել, նա երկար տարիների աշխատանքային փորձ ունի, հարգանք ու սեր է վայելում, ուստի պետք չէր զլանալ, պետք էր հրավիրել կազմակերպության ղեկավարին և հետը զրույց ունենալ կամ աշխատակիցների հետ հանդիպել, ներկայացնել, մեղադրանքները հնչեցնել, նոր հետո հիմնավորել, ոչ թե անմիջապես որոշումը կայացնել, որոշումը նրան հասցնել ինչ-որ ճանապարհով։
Կարելի էր հրավիրել կամ հանդիպել, եթե գոնե ոչ նախարարը, ապա նախարարության ներկայացուցիչը ներկայանար անձնակազմին, ի վերջո վաստակաշատ անձնակազմ է, և լրատվական միջոցներով շնորհակալություն հայտներ այդ անձնակազմից: Չի կարելի արհամարհանքով վերաբերվել այդ կոլեկտիվին, նրանք սպասում էին նախարարին։ Ինձ համար, իհարկե, շատ տհաճ է, որ այդպիսի դեպք է տեղի ունեցել, ես կուզեի ամենը քաղաքակիրթ արվեր, հիմնավորվեր, անձնակազմի կարծիքը իմանային, իսկ եթե իրավախախտում է եղել, դրանով պետք է իրավապահները զբաղվեն, ոչ թե առողջապահության նախարարությունը ու նոր հետո եզրակացություններ անել։ Կարծում եմ՝ դա ձև չէ, մարդուն աշխատանքից ազատել նշանակում է հեռացնել, բայց դա ևս պետք է կատարվի քաղաքակիրթ ձևով»,- ընդգծեց Հայրապետ Գալստյանը:
Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի (ՀԱԱԿ) տնօրեն Խաչանուշ Հակոբյանն էլ, նույն խնդրին անդրադառնալով, ասաց. «Ես շատ լավ եմ վերաբերվում Արա Մինասյանին: Որպես բժշկական կենտրոնի տնօրեն, իհարկե, սրտացավություն եմ ուզում ցուցաբերել, որովհետև իսկապես, տհաճ բան է, ավելին չեմ կարող ասել»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այսօր բողոքի ակցիա է տեղի ունեցել, որ մասնակիցները բողոքում են ԲԿ տնօրենի պաշտոնից Արա Մինասյանին ազատելու դեմ: Ակցիային միացել են ՀՀԿ-ական պատգամավորներ Սամվել Ֆարմանյանն ու Միհրան Հակոբյանը: