Ռուսաստանի հետ հարաբերությունները չպետք է լինեն սուվերեն-վասալային. Ստեփան Դանիելյան. aysor.am
Advertisement 1000 x 90

Ռուսաստանի հետ հարաբերությունները չպետք է լինեն սուվերեն-վասալային. Ստեփան Դանիելյան. aysor.am

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքին, գրել է. «Որքանով հասկացա, հակառուսական ցույց է նախապատրաստվում (…)»:

Քաղաքագետը նշել է նաև, թե քաղաքականությունը դաշնակիցներ ձեռք բերելու արվեստ է, «ինչը չի նշանակում վիզ ծռել սրա ու նրա առջև: Առաջին մասը մոռացել են, միայն երկրորդ մասի վրա են կենտրոնացել, այնինչ դրանք միասին պետք է իրականացվեն: Հիմա թշնամիներ ձեռք բերելու ժամանակներն են, որքան հասկանում եմ», – գրել է քաղաքագետը։

Aysor.am-ի հետ զրույցում Ստեփան Դանիելյանն ասաց, թե այս ենթադրությունն անելու համար հիմք է հանդիսացել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի երեկ արած հայտարարությունը։
«Դրանից հետո՝ օգոստոսին 17-ին հանրահավաք անելու հայտարարությունը հանրության մի մասն ընկալում է որպես Ռուսաստանի դեմ ակցիա, ինչից եզրակացնում եմ, որ անկախ ամեն ինչից, դա իր դերն ունենալու է։ Հատկապես ֆեյսբուքյան կոչերում կամ մամուլի քննարկումներում հիմնական թեման դա է և դա է կապվում այդ հանրահավաքի հետ։ Այսինքն՝ բոլոր դեպքերում, այդ ֆոնը գոյություն ունի», – ասաց Ստեփան Դանիելյանը։

Նրա խոսքով՝ քանի որ ներքաղաքական հիմնական իրադարձությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունն է և ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ զարգացումները, ինչը ռուսական կողմը որպես վիրավորանք է ընկալել ընթացակարգի առումով, և քանի որ այլ քաղաքական օրակարգ գործող կառավարությունը, կարծես թե, չունի, քաղաքագետը դրանից ենթադրություն է անում, որ հիմնական թեման դա է լինելու.

«Դրա հետ շաղկապվելու է նաև Արցախի խնդիրը, հաշվի առնելով նաև ՀԱԿ-ի ակտիվությունն Արցախի հարցով, ապա ենթադրում եմ, որ օրակարգում առաջին տեղ է դուրս գալու Ռուսաստանի հետ հարաբերությունները»։

Հարցին, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար, Ստեփան Դանիելյանն արձագանքեց. «Հայաստանի իրավիճակը հաշվի առնելով, ամեն ինչն էլ Հայաստանի համար կարող է վտանգ ներկայացնել։ Դա չի նշանակում, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է լինեն սուվերեն-վասալային։ Եվ հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը շատ կարևոր հայտարարություններ էր արել՝ նշելով, թե բանակցելու է միայն Հայաստանի ժողովրդի անունից, իսկ Արցախի անունից կարող է Արցախը բանակցել, ինչպես նաև նման մի քանի հարցերում բավականին կոշտ դիրք էր գրավել, ողջունում եմ այդ միտքը, և կարծում եմ, որ ի տարբերություն նախկին իշխանությունների, սա ավելի ճիշտ և սուվերեն քաղաքականություն է և իր արդյունքներն ունենալու է», – նշեց Դանիելյանը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



Նման նյութեր