«Կոչ եմ անում շատ ու շատ զգոն լինել. Պատերազմը կարող է սկսվել օգոստոս և սեպտեմբերի ամիսների ամեն օրը»
Advertisement 1000 x 90

«Կոչ եմ անում շատ ու շատ զգոն լինել. Պատերազմը կարող է սկսվել օգոստոս և սեպտեմբերի ամիսների ամեն օրը»

Վերջին ժամանակներս, կարծես թե, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում սկսել են ավելի լուրջ վերաբերվել Ադրբեջանի կողմից խոշորամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությանը երկու հայկական պետությունների նկատմամբ:

Եվ եթե նախկինում Ադրբեջանի կողմից Հայաստանի ու Արցախի շփման գծի ողջ երկայնքով զինատեսակների ու կենդանի ուժերի կուտակումներին նոր հայկական իշխանությունների ուշադրությունը հրավիրելիս մենք ոչ ադեկվատ արձագանքի ականատեսն էինք լինում, այժմ հայկական իշխանությունները դրան ողջ լրջությամբ են վերաբերվում, ավելին, արցախյան իշխանությունների հետ միասին նոր պատերազմի կանխման ուղղությամբ անհրաժեշտ ջանքեր են գործադրում:

Ակնհայտ է, որ Ադրբեջանը մտադրություն ուներ պատերազմ սկսել Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում կամ դրա ավարտից անմիջապես հետո… Սակայն Մինգեչաուրի ՋԷԿ-ի տեխնոգեն աղետը և Գյանջայի իսլամիստական նկրտումներն Ադրբեջանի, Թորքիայի ու նրանց դաշնակից հովանավորների`արցախյան հարցը ռազմական ճանապարհով լուծելու  մտադրությունների ժամկետները տեղափոխեցին դեպի ավելի ուշ ժամանակահատված:

Այսօր, չնայած սահմանի հարաբերական անդորրին՝ սադրանքների տեսանկյունից, ռազմական լուծումն իր արդիականությունը չի կորցրել, առավել ևս, որ որոշ «բարեկամական» երկրներ կուզենային այդ կերպ պատժել նաև Հայաստանի նոր իշխանություններին իրենց հռչակած նպատակները հետևողականորեն կյանքի կոչելու համար:

Եվ այսպես, գործ ունենք Ադրբեջանի գլխավորությամբ երկու սուվերեն պետությունների`Հայաստանի ու Արցախի նկատմամբ միջազգային սադրանքի սկզբի ակնհայտ նախապատրաստական աշխատանքների հետ:

2015թ. դեկտեմբերին «Առավոտ» թերթում հրապարակված իմ հարցազրույցի մեջ ես հայտարարել եմ, որ սահմանին տեղի ունեցող իրադարձությունները շատ են պատերազմ հիշեցնում:

Ես դա հնչեցրել եմ նաև միջազգային հարթակներում: Շատերը քմծիծաղ էին տալիս իմ եզրակացություններին, սակայն վրա հասավ 2016-ի ապրիլը, և մեր դեմ ելավ ագրեսորների միջազգային կոալիցիան՝ Ադրբեջանի առաջնորդությամբ: Միայն ողջ հայության համախմբվածության ու միասնական պոռթկման շնորհիվ այդ ագրեսիան ֆիասկո կրեց:

Այսօր ես նույն բանն եմ ասում. այն, ինչ Ադրբեջանի կողմից տեղի է ունենում Արցախի և Հայաստանի հետ սահմանին, խոշորամասշտաբ ռազմական ագրեսիայի նախապատրաստություն է, որն անպայման կարող է սկսվել արդեն օգոստոսին կամ սեպտեմբերին:

Չի կարող լինել այնպես, որ ագրեսորն ամեն օր Հայաստանի բանակի մեկ ամսվա բյուջեին հավասարազոր միլիոնավոր դոլարներ ծախսի, և միայն՝ պայմանական հակառակորդի առջև գլուխ գովելու համար:

Ես չեմ ուզում խուճապ առաջացնել մեր քաղաքացիների մոտ, ես պարզապես բոլորին կոչ եմ անում շատ ու շատ զգոն լինել. Պատերազմը կարող է սկսվել օգոստոս և սեպտեմբերի ամիսների ամեն օրը:

Հանուն մեր Ազատության, մեր հայրենիքը հզոր ու արժանապատիվ տեսնելու ողջ հայ ժողովրդի դարավոր երազանքի` ես բոլորին սթափության կոչ եմ անում` բոլոր տարաձայնություններն ու նեղացվածությունները մի կողմ թողնել ու համախմբվել Հայաստանի ու Արցախի ղեկավարության շուրջ` բարբարոսների ներխուժումը կասեցնելու համար…

Իսկ Հայաստանի ու Արցախի ղեկավարներին կոչ եմ անում` քանի դեռ ուշ չէ, գործի դնել բոլոր արտաքին ու ներքին մեխանիզմները տարածաշրջանային աղետը կանխելու համար…

Պաշտպանենք մեր Հայրենիքը միասին…

Կարեն Օհանջանյան՝ արցախցի իրավապաշտպան, «Հելսինկյան նախաձեռնություն-92» արցախյան կոմիտեի համակարգող, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Հանրապետական կուսակցության համանախագահ

 



Նման նյութեր