Աննա Մանուչարյանի դուստրը՝ 11-ամյա Արփին «Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծին մասնակցելու մասին. life.tert.am
Advertisement 1000 x 90

Աննա Մանուչարյանի դուստրը՝ 11-ամյա Արփին «Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծին մասնակցելու մասին. life.tert.am

Նոյեմբերի 25-ին Մինսկում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» մրցույթին Հայստանը ներկայացնելու համար հայտ է ներկայացրել 23 մասնակից: Նրանք եվրատեսիլյան բեմ հասնելու ճանապարհը կանցնեն «Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծին մասնակցելով:

Նախագծի մասնակիցների թվում է դերասանուհի Աննա Մանուչարյանի դուստրը՝ Արփին, ում շատերը կհիշեն «Արմենիա» հեռուստաընկերության «Նվագախմբի երեխաները» նախագծից: Tert.am Life-ը զրուցել է Արփիի հետ մրցույթին նախապատրաստվելու, երգի, իր ակնկալիքների և մայրիկի կողմից իրեն տրված խորհուրդների մասին:

Արփին 11 տարեկան է: Սովորում է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում՝ թավջութակի բաժնում: Նա նշեց, որ սիրելի երաժշտական գործիքը նվագում է արդեն 4 տարի. «Բացի նվագելը, ես շատ եմ սիրում նաև պարել և հաճախում եմ պրոֆեսիոնալ պարի դասընթացների:

Երգել նույնպես շատ եմ սիրում: Որոշ ժամանակ հաճախել եմ երգեցողության դասերի Նաիրա Գյուրջինյանի մոտ: Այժմ մտադիր եմ վերսկսել պարապմունքներս մցրույթին պատրաստված ներկայանալու համար»:

Արփին նշեց, որ «Դեպի մանկական Եվրատեսիլին» մասնակցելը իր մեծ երազանքն է եղել դեռ 7 տարեկանից, սակայն տարիքը թույլ չի տվել մասնակցել մրցույթին: Իսկ այժմ լրջորեն նախապատրաստվում երազանքը իրականացնելու ուղղությամբ: Նախագծին Արփին հանդես կգա «Պար» երգով, որի երաժշտության հեղինակը երգիչ Տիգրան Պետրոսյանն է, խոսքերը գրել է Ադա Սիմոնյանը: Երգը Funk ոճի մեջ է. «Պարային երգ է, աշխույժ ռիթմերով: Դեռ ձայնագրման փուլում եմ: Զուգահեռ նաև պարային բեմադրության փորձերն ենք սկսել իմ պարուսույցի՝ Նատա Մխիթարյանի հետ»:

Արփին նշեց, որ «Դեպի մանկական Եվրատեսիլի» մասնակիցներից երկուսին ճանաչում է դեռ «Նվագախմբի երեխաները» նախագծից: Չնայած սպասվող մրցակցությանը Արփին ասաց, որ իր ուժերի առավելագույն չափով փորձելու է լավ ներկայանալ: Այդ հարցում նրան օգնում են նաև մայրիկի՝ Աննայի մասնագիտական խորհուրդները: «Մայրիկիցս ինձ փոխանցվել է բեմում ազատ դրսևորվելու տաղանդն ու արտիստիզմը, թեև ես դերասանական արվեստով հետաքրքրված չեմ»,-ասաց Արփին:

«Դեպի մանկական Եվրատեսիլը» Արփիի առաջին լուրջ փորձն է երաժշտական ասպարեզում, իսկ թավջութակով միջազգային մրցույթների մասնակցություն մինչ այս նա ունեցել է: Art music միջազգային երաժշտական մրցույթում զբաղեցրել եմ երրորդ հորիզոնականը:

Ամբողջությամբ՝ life.tert.am