Տավուշի մարզի Բերդ համայնքում օգոստոսի 11-12-ին տեղի է ունեցել արդեն ավանդական Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոնը։ Փառատոնը համախմբել էր Բերդի և հարակից 16 սահմանամերձ համայնքների ներկայացուցիչներին, ովքեր այցելուներին էին ներկայացնում տարածաշրջանի մեղրն ու կուսական անտառներից հավաքած հատապտուղները՝ մոռը, մոշ, հապալաս, խոտաբույսեր և ձեռագործ աշխատանքներ։
«Մենք ուրախ ենք, որ այս փառատոնը որոշակիորեն փոխել է Շամշադինի մասին պատկերացումները։ Եթե նախկինում այս տարածաշրջանը հիշատակվում էր հիմնականում սահմանին տիրող իրավիճակով, այսօր արդեն մեր փառատոնի շնորհիվ հետաքրքրությունն ավելացել է, ավելացել են նաև Հայաստանի այս գողտրիկ հատվածը նորովի բացահայտելու ցանկություն ունեցողները»,- ասել է «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամի նախագահ Հայկ Չոբանյանը։
Փառատոնի առաջին օրը ավանդաբար անցկացվում էր «Ջազը՝ սահմանին» համերգային ծրագիրը, որի ընթացքում ելույթ են ունեցել «Լյուսի Խանյան» դուոն և «Ալեքսանդրապոլ» խմբերը։ «Առաջին անգամ էինք լինում Շամշադինում։ Մենք այլ փառատոնների էլ ենք մասնակցել, սակայն էստեղ ամեն ինչ ուրիշ էր՝ բնությունը, մարդիկ, բացօթյա համերգի այս ֆորմատը։ Անպայման էլի կվերադառնանք»,- ասել է «Ալեքսանդրապոլ» խմբի հիմնադիր Հայկը։
Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոնը «տուն» է բերում նաև բազում շամշադինցիների՝ ում մայրաքաղաքից, ում հեռավոր Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Եվրոպայից։ Փառատոնի երկրորդ օրը, բացի մեղրի ու հատապտուղների ցուցահանդես-վաճառքից, նաև նույնպես հարուստ մշակութային ծրագիր ուներ։ Ելույթ են ունեցել Նարեկացի արվեստի միության «Նովա» ժողովրդական գործիքների համույթը, «Նժդեհ» ազգային պարերի խումբը, «Արդվին» ազգագրական խումբը՝ Աբովյանից, ինչպես նաև Բերդի մշակույթի տան ու Բերդի մշակույթի կենտրոնի սաները։ Միջոցառման ընթացքում տեղի բարբառով գրված իր գիրքը ներկայացրել է նաև Շամշադինի առաջին կին դատախազը՝ Նունե Պողոսյանը, ով թոշակի անցնելուց հետո իր հուշերը և մանկության պատմությունները հանձնել է թղթին։ «Մենք փորձում ենք նաև անուղղակիորեն խթանել զբոսաշրջությունն ու տեղում տարբեր բիզնես նախագծերի իրականացումը։ Շատ կարևոր է, որ թե տեղի բնակիչները, թե այցելուները զգան, որ հայրենիքը սկսվում է սահմանից, իսկ ուժեղ սահման ունենալու համար մենք պետք է հաճախ այցելենք սահմանամերձ բնակավայրեր, ինչով էլ կարող ենք խթանել բիզնեսի զարգացումը»,- ասել է կազմակերպիչներից «Արփիար հոլդինգ» ընկերության հիմնադիր Հրաչուհի Բարսեղյանը։
Միջոցառման ավարտին կազմակերպիչները հայտարարել են, որ ավանդաբար ամեն տարի որևէ նորարարություն ներկայացնելուց բացի հաջորդ տարի Շամշադինի մեղրի և հատապտուղների 8-րդ փառատոնը կլինի 3-օրյա՝ ավելի շատ մարդկանց այցելելու հնարավորություն ընձեռելու համար։