Օգոստոսի 16-ին լրանում է երգչուհի Մադոննայի (Լուիզա Չիկոնե) 60-ամյակը: Դրանցից 35-ը նա անցկացրել է համաշխարհային փոփ-մշակույթի առաջնագծում, տեղեկացնում է BBC-ին: 1983 թվականին նրա դեբյուտային ալբոմի (ալբոմն այդպես էլ կոչվում էր՝ «Մադոննա») թողարկվելուց հետո երգչուհին ունեցել է 10 համաշխարհային շրջագայություն:
Աշխարհում վաճառվել է նրա ավելի քան 300 մլն ձայնագրություն՝ կրիչների՝ գոյություն ունեցող բոլոր ձևաչափերով, ներառյալ ձայներիզները, խտասկավառակները և սկավառակները, ինչպես նաև թվային օրինակների տեսքով: Այդ ռեկորդի շնորհիվ Մադոննան Գիննեսի ռեկորդների գրքում հայտնվել է որպես կոմերցիոն առումով ամենահաջողված երգչուհին ձայնագրման ինդուստրիայի պատմության մեջ: Մադոննայի 12 սկավառակները գլխավորել են հիթ-շքերթը: Ավելիին հասել են միայն «Բիթլզ»-ը և Էլվիս Փրեսլին: Լավագույն հիթերի Immaculate Collection հավաքածուն, որը թողարկվել է 1990 թվականին, չարթերում մնացել է 338 շաբաթ (6,5 տարի):
Դրա հետ մեկտեղ ավելի քան երկու ամիս այն գլխավորել է հիթ-շքերթը: Եթե հարցնեն՝ «Դուք ի՞նչ գիտեք Մադոննայի երգացանկից»,-շատերի մտքում առաջինը կգա Like A Virgin երգը: Spotify սթրիմինգային ծառայության տվյալներով՝ 1984 թվականի այդ կոմպոզիցիան Մադոննայի ամենասիրված երգերից մեկն է մնում նրա օգտատերերի շրջանում: Բրիտանական հիթ-շքերթի առաջին հնգյակում եղել է Մադոննայի 46 թրեք: Ավելի շատ ունեցել է միայն Էլվիսը: Ընդ որում՝ Մադոննայի ներկայությունը թոփ-5-ում կայուն է երեք տասնամյակ՝ 1984 թվականի Like A Virgin երգից մինչև 2009 թվականի Celebration-ը: Forbes հանդեսը Մադոննայի կապիտալների ընդհանուր չափը գնահատում է 580 մլն դոլար: Նա շատ ավելի հարուստ է ամերիկացի մյուս երգչուհիներից (մեծ մասամբ ավելի ստույգ՝ առավելապես ԱՄՆ-ում ապրող ու աշխատող երգչուհիներից): Այսպես, վարկանիշի երկրորդ հորիզոնականն զբաղեցնող Սելին Դիոնին Մադոննան գերազանցում է 200 մլն դոլարով: