Քոչարյանի 10 տարին. իրականում ինչի՞ հաշվին էր երկնիշ տնտեսական աճը
Advertisement 1000 x 90

Քոչարյանի 10 տարին. իրականում ինչի՞ հաշվին էր երկնիշ տնտեսական աճը

Վերջին օրերին, հասկանալի իրադարձություններով պայմանավորված, բավականին շատ է քննարկվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա գործունությունը։ Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիները նշանավորվում էին տնտեսական աճի երկնիշ ցուցանիշներով, և երկրորդ նախագահը տարբեր առիթներով հիշատակում է այս փաստը (այդ թվում՝ հեռուստաընկերություններից մեկին վերջերս տված հարցազրույցում)։

«Կովկասյան վագրը»՝ 2002-2007 թվականներին

ՀՀ տնտեսության երկնիշ աճը 2002 թվականից մինչև 2007 թվականը ներառյալ ամեն տարի ՀՆԱ-ի երկնիշ աճ էր գրանցում, ինչի արդյունքում տարբեր միջազգային զեկույցներում մեր երկիրը անվանում էին «կովկասյան վագր»։

Սակայն կարևոր է ոչ միայն և ոչ այնքան տնտեսական աճի ցուցանիշը, այլ նաև այն, թե որ ոլորտների հաշվին էր ապահովվում այդ աճը։

Տնտեսական աճի հիմնական շարժիչը եղել է շինարարության ոլորտը։ Ամենացայտուն օրինակը 2006 թվականն է. 13.4% տնտեսական աճի ցուցանիշից 8.1 տոկոսային կետն ապահովվում էր շինարարության հաշվին։

Միևնույն ժամանակ, արտերկրից Հայաստան կատարվող դրամական փոխանցումների շարունակական աճի ֆոնին՝ ՀՀ դրամը կայուն կերպով արժևորվում էր (1 դոլարի դիմաց 590 դրամից մինչև 305 դրամ)՝  շնչահեղձ անելով տեղի արտադրող-արտահանողներին։

Դրա համար մի շարք փորձագետներ շինարարության հաշվին այդ աճը ոչ միայն անառողջ էին համարում, այլև արհեստական ու վտանգավոր՝ փուչիկի պես, որը պետք է մի օր պայթեր։ Պայթյունը տեղի ունեցավ 2009 թվականին՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի տարում։ Նախկինում երկնիշ աճ գրանցող Հայաստանը երկնիշ՝ 14.2% անկում գրանցեց՝ տարածաշրջանի ամենավատ արդյունքներից մեկը։

Ընդ որում, այդ 14.2% անկումից 10.7 տոկոսային կետը հենց շինարարությամբ էր պայմանավորված։ Այսինքն՝ նախկինում տնտեսությունը առաջ տանող ոլորտը 2009-ին նույն տեմպով ցած քաշեց տնտեսությունը։

Միայն 2017 թվականին՝ 4 տարվա անընդմեջ անկումից հետո, շինարարությունը սկսեց «կենդանության» նշաններ ցույց տալ։

Ճգնաժամին հաջորդող տարիներին տնտեսության շարժիչ ուժը դարձան մյուս ոլորտները։ Օրինակ, 2017 թվականին գրանցված 7.5% տնտեսական աճը 5.3 տոկոսային կետով պայմանավորված էր առևտրի և ծառայությունների ոլորտով, 1.8 տոկոսային կետով էլ՝ արդյունաբերությամբ։ Շինարարության նպաստումը ՀՆԱ-ի հավելաճին ընդամենը 0.2 տոկոսային կետ էր, իսկ գյուղատնտեսությունը 0.6 կետով նվազեցրել էր ցուցանիշը։

Ամբողջությամբ՝ b4b.am