Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում մեջբերում է արել 1in.am կայքի հրապարակումից. «Վերջին քսան տարում Հայաստանում անընդմեջ գործող քրեաօլիգարխիկ համակարգի կուռ բուրգը մեկ օրում չի ստեղծվել:
Ուշագրավ դիտարկում է արել այդ առումով Տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանը. «Իհարկե, և մենաշնորհների, և կոռուպցիայի, և կաշառակերության հիմունքները գալիս են ավելի հնից… Դրանք դեռ խորհրդային համակարգում լավ ներդրված էին։ Ավելին ասեմ, խորհրդային համակարգն էլ տարբերվում էր տարբեր երկրներում։ Խորհրդային կարգերը բալթյան հանրապետություններում մի բան էր, Հայաստանում ուրիշ բան էր, Ադրբեջանում լրիվ ուրիշ բան էր։
Այն համակարգը, որ մեզ մոտ ներդրվեց, դա ավելի շուտ ադրբեջանական, միջինասիական, խանական խորհրդային համակարգ էր, որտեղ կային նաև կլանային մոտեցումներ։ Խորհրդային Հայաստանում էլ կար և կոռուպցիա, և կաշառակերություն, բայց դա չէր հասնում համակարգային ամբողջական վիճակի։ Ամենակարևորը, թե ինչ բերեց այդ իշխանությունն իր հետ, դա բաժանումն էր յուրայինների ու թշնամիների։
Այն, ինչ միգուցե արդարացված էր պատերազմի ժամանակ առաջնագծում, խաղաղ կյանքում բերեց շատ վատ հետևանքների, այդ թվում մարտի 1-ի՝ սրանք յուրայիններ են, սրանք՝ թշնամիներ։ Իսկ թշնամիների հետ ինչպե՞ս է պետք վարվել՝ միայն ոչնչացնել։ Պատերազմը դա է պահանջում» (1in.am)»: