Լևոն Մալխասյանն ապրում է այնպես, ինչպես նվագում է՝ էմոցիոնալ, մաքուր և անկեղծ: Ոչինչ չի սիրում պլանավորել, քանի որ ջազի իմպրովիզացիոն հիմքը թույլ չի տալիս նրան ծրագրավորել իր կյանքը: Այս տարի դեկտեմբերին Երևանում կբացվի «Մալխաս ջազ ակումբը»:
– Ջազը լոգարիթմ չէ, որ կանոնների ենթարկվի: Ջազն ազատ կյանք է: Սրճարանում նստած՝ կարո՞ղ եք ասել՝ մեկ րոպե հետո ո՞վ կանցնի փողոցով… Ես էլ չեմ կարող ասել: Դա է կյանքը, դա է ջազը: Ջազը իմպրովիզացիա է: «Մալխաս ջազ ակումբի» մասին ոչ մի բան առայժմ չեմ կարող ասել, որովհետև դա ջազ ակումբ է: Եթե ես որոշեի կաֆե բացել, պիտի հստակ իմանայի՝ ինչքան պիտի սպասք, դանակ, պատառաքաղ լինի… Ջազ ակումբին այդպես չի կարելի մոտենալ:
– Ջազ սիրում են ավելի մեծ սերնդի մարդիկ: Կարծես ջազը հասկանալու համար կենսափորձ և գիտելիքներ են պետք:
– Դա միայն ձեր կարծիքն է: Ջազ փառատոնի օրերին դահլիճի մեծամասնությունը քսան տարեկան երիտասարդներ էին: Իսկ դա՞ ինչպես բացատրենք: Ես ինքս ջազ սկսել եմ նվագել 15 տարեկանում: Իսկ արդեն 17 տարեկանում հազարավոր երկրպագուներ ունեի: Հիմա էլ շատ եմ ուրախանում, երբ ցանկացած ջազ համերգների ժամանակ տեսնում եմ, որ հանդիսատեսի կեսից ավելին երիտասարդներ են:
– Գոյություն ունի՞ ջազ երաժշտության մոդա:
– Ջազը մոդայից զերծ է, քանի որ թարգմանվում է՝ «կյանք»: Ես եմ այդպես թարգմանում: Իսկ կյանքը մոդայիկ կամ ոչ մոդայիկ չի լինում: Շատերը ջազի իրենց մեկնաբանություններն ունեն: Ջազը չի կարող հնանալ, նրա դիապազոնը մեծ է: Կարող է հնանալ ջազային որևէ ուղղություն կամ ճյուղ, ինչպես հնացավ, օրինակ, 30-ականների դիքսի-լենդը: Ջազն անընդհատ կյանքից նոր տարրեր է վերցնում և դրանով հարստանում:
– Հիմա, կարծես, հետաքրքրություն է առաջացնում էթնո-ջազը:
– Էթնո-ջազը շատ տարածված է աշխարհում և շատ երկրպագուներ ունի: Էթնո-ջազի այսօրվա լավագույն հայ ներկայացուցիչը Արտո Թունջբոյաջյանն է, ով բավական հաջող հյուրախաղեր է ունենում Եվրոպայում: Ջազի դիապազոնը շատ մեծ է: Էթնոյից, ֆոլկից, դասականից, էստրադայից սկսած, վերջացրած ռոքով: Ջազային էլեմենտները ռոք երաժիշտն այլ կերպ է օգտագործում, սոուլ երաժիշտներն՝ այլ կերպ: Ջազային էլեմենտները շատ տարածված են:
– Ջազը ձեզ համար նաև ապրելաոճ է, լի իմպրովիզացիայով: Գիտե՞ք ինչ եք անելու վաղը, մյուս օրը, հաջորդ տարի:
– Ամեն մարդ իր ապրելակերպն ունի: Ընդհանրացնել չի կարելի: Ջազ նվագողներ կան, ովքեր ոչ խմում են, ոչ ծխում, ոչ սեքսով են զբաղվում: Եվ բավական լավ էլ նվագում են: Ջազը կյանք է, ամեն վայրկյան փոփոխվող, չկրկնվող: Ջազը չափած-ձևված բանաձևեր չի սիրում:
– Իսկ ամենօրյա պարտականություննե՞րը:
– Ես երբեք ոչ մի օր ոչ մի բանաձևի մեջ չեմ տեղավորել իմ կյանքը: Եվ երբեք մեկ ամսից ավելի չեմ պլանավորել իմ կյանքը: Ծիծաղելի է դառնում, երբ ամեն բան ուզում եմ պլանավորել:
– Հնարավո՞ր է, որ նվագեք ու մտածեք՝ այսօր չեն ընդունում, վաղը կընդունեն:
– Ոչ, ես միշտ կոնկրետ ջազ եմ նվագում: Ես իրավիճակի վայրկյանական կոնկրետացումն եմ սիրում: Գնահատում եմ այդ վայրկյանի իմպրովիզացիան: Եթե մարդն իմպրովիզացիոն սկիզբ չունի, նա երբեք ջազ նվագել չի կարողանա: Ոչ մի կոնսերվատորիայում իմպրովիզացիա չես սովորի: Իսկ հանդիսատեսին փոխանցվող էմոցիաներն այլ ոլորտում են: Էմոցիաները կախված են երաժշտական գործիքի տիրապետման մակարդակից:
– Հետաքրքիր է, որ ձեզ միշտ սիրել են և իշխանությունները, և իշխանություններին չսիրող մարդիկ: Ինչո՞ւ է այդպես:
– Ես ահավոր հեռու եմ քաղաքականությունից: Ես չէի ասի, որ ինձ բոլորը սիրում են, ավելի շուտ՝ երկրպագում են: Սիրվելու պատճառը, կարծում եմ, երաժշտությունն է, որը բոլորինն է:
– Դուք միշտ շատ էմոցիոնալ եք վերաբերվել մեր քաղաքին:
– Երևանը չի սիրում, երբ իրեն նեղացնում ես: Երբ վիրավորում և նեղացնում ես Երևանին, նա անպայման պատասխան է տալիս: Գուցե ոչ անմիջապես, բայց որոշ ժամանակ հետո նա վատ ցանկացողին, չար բան անողին պատժում է: Երևանը ահավոր բարի ու լավ քաղաք է: Սակայն շատ նեղացկոտ է: Հիմա Երևանն մի քիչ նեղացած է, բայց լավ բաներ էլ են արվում Երևանի համար: Օրինակ, վերջերս մենք Վազգեն Ասատրյանի հետ 70-ականների Երևանի երգերից կազմված համերգ արեցինք: Շատ լավ համերգ էր:
– Այն Երևանն իր դեմքը, հոտն ու համն ուներ: Իսկ այսօրվա՞նը:
– Հավատացնում եմ՝ Երևան իր դեմքը չի կորցրել: Եվ նա դեռ իր լավ և վատ պատասխանները տալու է: Բարի գործերին՝ բարի ձևով, չար գործերին՝ վատ ձևով:
– Արվեստի մարդը միշտ ուզում է նոր բան անել և չնմանվել ուրիշներին, իսկ քաղաքացին ուզում է իր գործի շարունակողներ ունենալ:
– Ես իմ սկսած գործի շարունակողներ շատ ունեմ: Եվ դրանով կարող եմ միայն հպարտանալ: Երևանը ջազային երաժիշտների մեծ կոալիցիա, բանակ ունի: Վահագն Հայրապետյանը, Արմեն Հյուսնունցը, մեր ջազ-բենդերը ցանկացած երկրին պատիվ կարող են բերել: Մոսկվայի պես հսկա տասներկու միլիոնանոց մեգապոլիսը ջազային ոչ մի բիգ-բենդ չունի: Մենք երկուսն ունենք: Մոսկվան հիմա նոր որոշել է կանչել մեր հայրենակից Գեորգի Գարանյանին, որպեսզի նա վերակենդանացնի Լունդստրեմի ջազ-բենդը:
– Կա՞ն ազգեր, որոնք կարող են ասել՝ «Ջազը մերն է»:
– Շատ կան: Կուբան, օրինակ: Բրազիլիան:
– Տաքարյո՞ւն մարդիկ են պետք:
– Անպատճառ: Երկրում պետք է սար լինի: Եթե սար չկա՝ թմբուկ չկա, իսկ որտեղ թմբուկ չկա՝ ջազ չկա: Ես մի անգամ ասացի, որ սլավոնական ազգերը տաք ջազ չեն նվագում, որովհետև նրանք դարերից եկող թմբուկներ չեն ունեցել: Էդ մարդիկ դհոլ չեն ունեցել, ինչպե՞ս տաք ջազ նվագեն: Եթե անգամ նրանք ճիշտ են նվագում, ապա դարձյալ սառն են նվագում: Նրանց նվագի մեջ սվինգ չկա, իսկ սվինգն այն է, ինչ պարտադիր է ջազում: Եվ հակառակը, Կովկասը շատ հետաքրքիր ջազ ունի՝ և Հայաստանը, և Ադրբեջանը: Ջազը ոչ հարթավայրային երկրներում է:
– Դա երևի տրամաբանական իր բացատրությունն ունի: Մարդիկ պետք է մի սարից մյուսն իրար լսեն:
– Երևի: Դհոլ ու քոչարի վաղուց ունենք: Եվ ջազն էլ վաղուց արդեն իր պատմությունն ունի: Սովետմիության մեջ կար Արտեմի Այվազյանի երեսուն հոգանոց ջազ նվագախումբը: Եվ այն ժամանակ չէին գրում՝ Հայաստանի պետական ջազային և էստրադային նվագախումբ, այլ գրում էին՝ Արտեմի Այվազյանի ջազ-օրկեստր: Մարդը սկսել էր էդ գործը, ես ընդամենը նրա, Կոտիկ Օրբելյանի, Առնո Բաբաջանյանի, Մելիք Մավիսակալյանի շարունակողն եմ: Կան Մարտին Վարդազարյանը, Ստեփան Շաքարյանը: Ինձնից առաջ ստեղծագործող սերունդն արդեն հիմքը դրել է: Երևանում 60-ականներին չորս-հինգ բիգ-բենդ կար: «Երևաննախագիծը», Տաքսոմոտորային պարկը, ոսկերչական գործարանն իրենց բիգ-բենդերն ունեին: Առանց ավելորդ համեստության կարող եմ ասել, որ իմ ներդրումը եղավ փոքր բենդերի ստեղծումը: Բրյուսովի անվան ինստիտուտում ես ստեղծեցի առաջին փոքր ջազ խումբը: Ջազում շատ տարածված են փոքր խմբերը: Առաջին ջազ եռյակը ես ստեղծեցի Արամ Աբրահամյանի ու Չիկոյի հետ: Հետո մեզ միացավ Ալեքսանդր Զաքարյանը, և եռյակը քառյակ դարձավ: Եվ մեր այդ «Մալխասի քառյակով» մենք սկսեցինք փառատոների մասնակցել: Բայց դրա մասին միայն մեր սերունդը գիտի: Միայն 1970 թվականին նախկին Կույբիշև քաղաքից չորս գրան-պրի ենք Հայաստան բերել: Հիմա Սամարայից մեծ պատվիրակություն է գալիս, որի կազմում նաև ջազային խումբ կա: Ես հաճույքով կընդունեմ նրանց: Նրանք ուզում են հայ ջազմենների հետ ջեմ-սեյշն անել: Ես հաճույքով դա կկազմակերպեմ:
– Դուք շնորհակա՞լ մարդ եք:
– Ես իմ կյանքում երեք երազանք եմ ունեցել: Ցանկացել եմ լինել ջազի հայրենիքում՝ Նյու Օռլեանում, այնտեղ, որտեղ ջազը սկսվել է: 15 տարի առաջ ես դա արեցի, այնպես որ, առաջին երազանքս կատարվեց: Երկրորդ երազանքս ջազի աստղերի հետ Երևանում միջազգային ջազ փառատոն կազմակերպելն էր: Էդ երազանքս էլ կարողացա կատարել: Եվ երրորդ երազանքս՝ Երևան քաղաքում ջազ ակումբ բացելն էր: Կարծես թե դա էլ է կատարվում: Ինչպե՞ս կարող եմ շնորհակալ չլինել իմ քաղաքից: Ես ոչ միայն շնորհակալ եմ, այլև՝ բախտավոր, ու հպարտ եմ, որ կարողացել եմ իմ քաղաքում իմ երազանքներն իրագործել: Երեկ իմ ընկերներից մեկը հարցրեց. «Չե՞ս ուզում Լոս Անջելեսում ջազ ակումբ բացել», ես պատասխանեցի. «Լոս Անջելեսում պապս էլ ակումբ կբացի, կարո՞ղ եք՝ Երևանում բացեք»: Լոս Անջելեսում գնում ես բանկ, փող ես վերցնում և մի ժամ հետո ակումբ ես բացում: Իմ ակումբի մասին չեմ ուզում խոսել, քանի որ ձուկը դեռ ջրում է: Կբացվի, բոլորին կհրավիրեմ: Իմ սեփական հողի վրա իմ սեփական ակումբն է լինելու: Ով գա ինձ մոտ հյուր՝ բարով թող գա:
Զրուցեց՝ Նունե Հախվերդյանը
«168.am»