Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ամփոփելով նոր կառավարության 100-օրյա աշխատանքն անդրադարձավ շրջանառվող այն հայտարարություններին, թե երկրում կարող է քաղաքացիական պատերազմ հասունանալ։ «Ուրեմն, եթե որևէ մեկը սրանից հետո քաղաքացիական պատերազմով սպառնաց, իրանով Ազգային անվտանգության ծառայությունն ա զբաղվելու, լավ իմացեք։ Ուրեմն՝ ես խորհուրդ եմ տալիս բոլորին՝ խոսելուց առաջ մտածել», – հայտարարեց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ քաղաքացիական պատերազմի հնարավորության մասին մեր տաղավարում խոսել էր «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։ «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց՝ թե նա ի՞նչ կարծիք ունի վարչապետի հայտարարության մասին։ Իսագուլյանն ընդգծելով, որ չի կարծում, թե վարչապետի ասածը կոնկրետ իրեն է ուղղված նշեց. «Ես ցավ եմ ապրում, որ մենք հիմա սկսում ենք քանակ հաշվել՝ քանակ այլ տեղ են հաշվում։ Խոսքը գնում է ՀՀ քաղաքացիների մասին՝ լինի հազար, թե տաս հազար հոգի։ Կարևորն այստեղ այն է, որ մենք տարանջատում ենք ազգը հեղափոխականների և հակահեղափոխականների։ Ուզենք թե չուզենք, պատմությանը հայտնի է, որ քաղաքացիական պատերազմներ լինում են կամ կրոնական հողի վրա, կամ էթնիկ տարբերությունների պատճառով, կամ էլ հասարակությանը հեղափոխականների ու հակահեղափոխականների բաժանումով, որն իմիջիայլոց եղել է բացառապես բոլշևիկների ժամանակ։ Եթե հիշում եք՝ ձեր հաղորդման ժամանակ ես հստակ հայտարարեցի, որ պարոն Փաշինյանին համարում եմ իմ վարչապետը, բայց նաև շեշտեցի, որ իր շատ մտքերի հետ համաձայն չեմ՝ նշանակում է, որ ես հակահեղափոխակա՞ն եմ ու ինքը չի ընդունում, որ իմ վարչապե՞տն էլ է»։
Իսագուլյանը շարունակում է. «Սպառնալ, որ սրանից հետո պետք է հանձնարարի ԱԱԾ-ին՝ դա շատ վտանգավոր թեզ է։ Այսինքն, երբ որևէ մեկը կարծիք է հայտնում ու այդ կարծիքը չի համընկնում ձեր կարծիքի հետ՝ դուք սկսում եք ի՞նչ, հանձնարարել ԱԱԾ-ին, որ այդ մարդն իրավունք չունի՞ վերլուծություն անի, իրավունք չունի՞ տեսակետ հայտնել։ Այսինքն այժմ ավելի վատ է, քան նախկին ЧК-ի, ВЧК-ի, НКВД-ի ժամանակներում։ Թավշյա հեղափոխության առաջին օրերից ասել ենք՝ Նիկոլ Փաշինյանը մեծ աջակցության կարիք ունի և մենք պատրաստ ենք նրան աջակցել, եթե հեղափոխությունը սիրո և համերաշխության հեղափոխություն է, և վստահ էինք, որ այն պետք է կյանքում ևս դրսևորվի։ Հիմա իրավիճակը որոշակիորեն այլ է, և ես ակնկալում էի, որ այս հանրահավաքում ինքը պետք է հայտարարի՝ ես բոլորի վարչապետն եմ, նաև նրանց, ովքեր ինձ հետ համաձայն չեն, ունեն տրամագծորեն հակառակ տեսակետ»։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: