Հորդառատ անձրևի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Շենիկ, Քարակերտ և Դալարիկ համայնքներում
Advertisement 1000 x 90

Հորդառատ անձրևի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Շենիկ, Քարակերտ և Դալարիկ համայնքներում

Հորդառատ անձրևի հետևանքով օգոստոսի 19-ին արտակարգ իրավիճակ է ստեղծվել ՀՀ Արմավիրի մարզի Շենիկ, Քարակերտ և Դալարիկ համայնքներում. տևական անձրևի հոսքը նշված համայնքներով անցնող ջրատարը չի կարողացել ապահովել, որի արդյունքում ջուրն ամբողջությամբ դուրս է եկել ջրատարից՝ ողողելով մշակովի հողատարածքները, խաղողի այգիները, լցվելով բնակելի տների նկուղները և անասնագոմերը: Ինչպես տեղեկացրին Արմավիրի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու համար մարզպետ Գագիկ Միրիջանյանի հանձնարարությամբ Շենիկ, Քարակերտ և Դալարիկ համայնքներ է այցելել փոխմարզպետ Գագիկ Գաբրիելյանի գլխավորած աշխատանքային խումբը:

Օգոստոսի 20-ից համապատասխան համայնքներում կաշխատեն նաև արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառած վնասները գնահատող համայնքային հանձնաժողովները՝ մարզպետարանի աշխատակազմի պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցների հետ միասին: