Ադրբեջանը Քրիստոնեադեմոկրատական միությունից Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերին ներառել է անցանկալի անձանց ցուցակում և մերժել մուտքի հարցում: Օգոստոսի 20-ին այս մասին իր կայքում հայտնել է Bild թերթը:
Վայլերը, որն Անդրկովկասի երկրների հետ համագործակցության խորհրդարանական խմբի ներկայացուցիչն է, եղել է Գերմանիայի կառավարության պատվիրակության անդամների ցուցակում: 2014 և 2016 թվականներին նա այցելել է Լեռային Ղարաբաղի Հանրապետություն:
Հրատարակությունը նշում է, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն օգոստոսի 20-ի ընթացքում շփումներ է ունեցել Ադրբեջանի դեսպանության հետ և ապարդյուն փորձել կարգավորել Վայլերի այցագրի հարցը: Քաղաքական գործիչն ինքը հրատարակությանը հայտարարել է, որ անտարբեր չէ տարածաշրջանի ճակատագրի նկատմամբ և ուրախությամբ հանդես կգար միջնորդներից մեկի դերում: