Սերժ Թանկյանը, Ջոն Դոլմայանն ու «Բարի տնակը» բարեգործական խաղարկություն են կազմակերպում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սերժ Թանկյանը, Ջոն Դոլմայանն ու «Բարի տնակը» բարեգործական խաղարկություն են կազմակերպում

«Բարի մամա» բարեգործական հասարակական կազմակերպության «Բարի տնակ» ներառական կենտրոնը, Անժելա Թանկյանը, Սերժ Թանկյանն ու Ջոն Դոլմայանը կազմակերպել են բարեգործական խաղարկություն:

Լաս Վեգասում անցկացվելիք համերգի խաղարկվող տոմսերից ցանկացածը կարող է շահել:

Երկու հաջողակ շահողները հնարավորություն կունենան իրենց իսկական ռոք-աստղ զգալ՝ զրուցել Սերժ Թանկյանի ու Ջոն Դոլմայանի հետ կուլիսներում, միասին ճաշել, ունենալ 2 դաս Ջոնի հետ ու հնարավորութուն ստանալ շահել Սերժ Թանկյանի drumset-ը:

Խաղարկության տոմսերի գինը սկսվում է 25 դոլարից, իսկ գումարն ուղղվելու է «Բարի տնակի» առաջին մասնաշենքն ավարտելուն ու երկրորդը կառուցելուն:

«Աճուրդ կազմակերպելն ու «Բարի տնակի» կառուցմանն աջակցելը Անժելա Թանկյանի միտքն էր, ով հանդիսանում է «Բարի մամա» ՀԿ-ի խորհրդի անդամ: Մենք զբաղվում ենք մանկատան հաշմանդամություն ունեցող երեխաներին աջակցելով, իսկ «Բարի տնակը» ապաստարան է այն մայրերի համար, ովքեր չեն ուզում հրաժարվել իրենց երեխաներից, բայց տեղ չունեն գնալու»,- մեզ հետ զրույցում նշեց «Բարի մամայի» հիմնադիր-նախագահ Մարինա Ադուլյանը:

«Այս աճուրդը մեծ հնարավորություն է «Բարի մամա» ՀԿ-ի համար, որ կարողանանք ստեղծել իր տեսակի մեջ եզակի համալիր, որտեղ մանկատներում արդեն իսկ ապրող հաշմանդամություն ունեցող երեխաները ոտքի կկանգնեն եւ լիարժեք կյանքով կապրեն, իսկ բազմաթիվ երեխաներ մանկատուն չեն հասնի: «Բարի տնակն» իսկապես մեծ հնարավորություն է տալիս Հայաստանը առանց մանկատների դարձնել եւ կարծրատիպերը կոտրել: Շնորհակալություն բոլոր մարդկանց, ովքեր միանում են մեզ այս դժվար ճանապարհին»,- հավելեց Մարինան:

Դե ինչ, այս խաղարկությունն իսկապես հրաշալի առիթ է հաճելին իրապես օգտակարի հետ համատեղելու համար:

style.news.am