Բարձրաստիճան պաշտոնյան Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում «պարզունակ սուտ» որակեց տեղեկությունը, որ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը իր կամքով է հրաժարական տվել։ «Անդրանիկ Մանուկյանին պարզապես հետ են կանչում», – ասաց պաշտոնյան։
Ավելին, մեր աղբյուրն ասում է, որ Անդրանիկ Մանուկյանը երեք ամիս շարունակ ամեն ջանք գործադրել է, որ իրեն հետ չկանչեն։
Aysor.am-ի աղբյուրը պարզապես զավեշտալի համարեց Մանուկյանի հայտարարությունը, թե ինքը հրաժարական է տվել և հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեռ մայիսին արած հայտարարությունը, որ պետք է վերանայել դեսպանների պաշտոններում նշանակման արատավոր պրակտիկան։ «Այս և մյուս համանման փոփոխությունները պետք է դիտարկել հենց այդ տրամաբանության մեջ», – ասաց մեր աղբյուրը։
Նա, էթիկայից ելնելով ձեռնպահ մնաց Մանուկյանի գործունեությանը գնահատական տալուց, «քանի որ լավը ասել հնարավոր չէր, իսկ գնացողի հետևից չեն խոսում»։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը հայտարարել է իր դիվանագիտական գործունեությունը դադարեցնելու մասին։
«Ես որոշել եմ թողնել դիվանագիտական գործունեությունս։ Այս որոշումը վաղուց էր հասունացել և ավելին, մի գաղտնիք ասեմ՝ մի քանի անգամ դիմել եմ Երևան՝ խնդրելով հետ կանչել ինձ։ Վերջին անգամ մայիսին էր։ Բայց ամեն անգամ ես մերժում եմ ստացել և խնդրանք շարունակել Ուկրաինայում ՀՀ դեսպանի աշխատանքը», – ասել էր նա։