Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտարարություն է տարածել «Հասմիկ ճամբար»-ի երեխաների լուսանկարների հրապարակման վերաբերյալ
Advertisement 1000 x 90

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտարարություն է տարածել «Հասմիկ ճամբար»-ի երեխաների լուսանկարների հրապարակման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը  հայտարարություն է տարածել «Հասմիկ ճամբար»-ում ում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցած երեխաների լուսանկարների հրապարակման վերաբերյալ: Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ:

«Այսօր՝ 2018 թվականի օգոստոսի 22-ին, Facebook սոցիալական ցանցում և մի շարք լրատվական կայքերում տեղեկություն էր տարածվել «Հասմիկ ճամբար»-ում երեխաների մասնակցությամբ տեղի ունեցած ՈւՀԱ-ից (КВН) լուսանկարների հրապարակման մասին, որոնցում տղաները աղջկա հագուստով են, ընդ որում լուսանկարներում տվյալ երեխաների դեմքերը փակված չեն: Քաղաքացիական հասարակության անդամները, ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության գործընկերները գործակալությանը հայտնել են դեպքի մասին՝ մտահոգություն հայտնելով այն մասին, որ երեխաների անձնական տվյալների (լուսանկարի) հրապարակումը կարող է վնասել երեխաներին (երեխաների լավագույն շահին):

Հաշվի առնելով լրատվամիջոցների հետ գործընկերային հարաբերությունները, ինչպես նաև երեխաների անձնական տվյալների պաշտպանության կարևորությունը՝ Գործակալությունը «Հասմիկ ճամբարի» երեխաների լուսանկարները հրապարակելու հետ կապված դիմել է լրատվական կայքերին, որպեսզի երեխաների դեմքը լուսանկարներում փակեն (երեխաներն ապանձնավորվեն)։ Արդյունքում, բոլոր այն կայքերը, որոնց դիմել է գործակալությունը, արդեն տեղադրել են փակ դեմքերով լուսանկարներ՝ հեռացնելով սկզբում տեղադրածները։ Երեխաներին ապանձնավորվել են նաև առցանց լրատվամիջոցներով լուսանկարների հրապարակման սկզբնաղբյուր հանդիսացած օգտատիրոջ գրառման մեջ:

Միաժամանակ, այս դեպքն ընդունելով որպես առիթ՝ գործակալությունը հարկ է համարում կրկին անդրադառնալ երեխաների անձնական տվյալների պաշտպանությանը և հիշեցնել, որ երեխան, նրա անձնական կյանքը և անձնական տվյալները, երեխայի ֆիզիկական և հոգեբանական հասունության ոչ բավարար մակարդակով պայմանավորված՝ ավելի շատ պաշտպանության կարիք ունեն: Դա նշանակում է, որ երեխայի ոչ հասուն լինելը, որը նրան դարձնում է խոցելի, պետք է փոխհատուցվի համարժեք պաշտպանությամբ և հոգատարությամբ: Երեխաների անձնական տվյալների հրապարակման ցանկացած դեպքում լրատվամիջոցը (լրագրողը) պետք է զգուշավորություն ցուցաբերի երեխային չվնասելու համար՝ օգտագործելով անձնական տվյալներն ապանձնավորելու միջոցներ: Իր հերթին այն կազմակերպությունը (հաստատությունը), որը տնօրինում է երեխաների անձնական տվյալներ կամ որի հոգածության ներքո են գտնվում երեխաներն, իր հերթին պետք է երեխայի անձնական կյանքի պաշտպանությանն առաջնային ուշադրություն դարձնի և բավարար միջոցներ ձեռնարկի երեխաների անձնական տվյալների անօրինական մշակումը բացառելու համար։ Այս կապակցությամբ երեխաների անձնական տվյալներ մշակողներին, նաև՝ լրագրողներին առաջարկում ենք ծանոթանալ և առաջնորդվել ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության խորհրդատվական որոշմամբ՝ Երեխաների անձնական տվյալների հրապարակման վերաբերյալ , ինչպես նաև գործակալության կողմից մշակված՝ Երեխաների անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ ուղեցույցով, որտեղ առանձին բաժնով ներկայացված է նաև զանգվածային լրատվության միջոցներով երեխաների անձնական տվյալների հրապարակման լավագույն փորձը:

Անձնական տվյալների ոչ իրավաչափ մշակման կամ ոչ իրավաչափ մշակման կասկածների ցանկացած դեպքում անձնական տվյալների սուբյեկտները (այդ թվում երեխաներն իրենց օրինական ներկայացուցիչների միջոցով և անգամ անձամբ) կարող են դիմել Գործակալությանը՝ իրենց անձնական տվյալների պաշտպանությունն ապահովելու համար»: