Facebook-ի աշխատակիցները մարտ ամսից՝ Cambridge Analytica ընկերության շուրջը ծագած սկանդալից հետո սոցցանցում դադարեցրել են ավելի քան 400 հավելվածների աշխատանքը՝ օգտատերերի անձնական տվյալների պահպանվածության հետ կապված մտահոգությունների պատճառով: Այս մասին ասված է ընկերության հայտարարության մեջ:
«Մեր հետաքննության սկսվելու պահից ուսումնասիրել ենք հազարավոր հավելվածներ: Եվ մենք դադարեցրել ենք դրանցից ավելի քան 400-ի աշխատանքն այն մտահոգությունների պատճառով, որոնք վերաբերում են դրանց մշակողներին կամ այն բանին, թե ինչպես կարող են օգտագործվել տվյալները, որոնք մարդիկ տրամադրել են հավելվածներին: Մենք այժմ դա շատ ավելի հանգամանորեն ենք ուսումնասիրում»,- նշված է հայտարարության մեջ:
Մարտ ամսին Facebook-ն աղմկահարույց սկանդալի կենտրոնում հայտնվեց սոցցանցի տվյալները Cambridge Analytica ընկերությանը փոխանցելու վերաբերյալ The New York Times-ի հրապարակումից հետո: Տարբեր գնահատումներով՝ խոսքը վերաբերում է մոտավորապես 87 միլիոն օգտատերերի անձնական տվյալներին: