Անցումային արդարադատության միջոցով կվերաբացվեն նախկին ակնհայտ անարդար գործերը՝ քաղաքացիական համերաշխություն ապահովելու համար. forrights.am
Advertisement 1000 x 90

Անցումային արդարադատության միջոցով կվերաբացվեն նախկին ակնհայտ անարդար գործերը՝ քաղաքացիական համերաշխություն ապահովելու համար. forrights.am

Թավշյա հեղափոխությունն այս պահին կիսատ է. 3 իշխանություններից 1/3-ական մասով իրականացված հեղափոխություն է: Որպեսզի լիարժեք իրականացվի հեղափոխությունը, պետք է այն իրագործվի նաև խորհրդարանում ու դատական իշխանությունում: Այս պահին առանց անցումային արդարադատության այդ խնդիրը չի լուծվի:

Այս կարծիքին է նախկին դատավոր Պարգև Օհանյանը, ով անհրաժեշտ է համարում, որ դատական իշխանությունում ևս արվի հեղափոխություն: Չնայած հակադիր կարծիքներին ու մտահոգություններին՝ նախկին դատավորը անհրաժեշտ է համարում անցումային արդարադատության մարմինների ստեղծումը:

«Ըստ իս՝ անհրաժեշտ է լինելու նաև ստեղծել մասնագիտական դատարաններ՝ հակակոռուպցիոն, մենաշնորհային և այլն, որը հենց Սահմանադրությամբ էլ նախատեսված»,-նշեց Օհանյանը:

Արդարդատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօրվա ասուլիսում ասել է, որ այն, ինչ մտադիր է իշխանությունը ներդնել, չի հակասում Հայաստանի Սահմանադրությանը և ստանձնած միջազգային պարտավորություններին: «Ասենք, որոշ գործերով, որտեղ եղել են թերացումներ, իրավունքի խախտման հարցը քննելու՝ արդյոք մարդու իրավունքը խախտվել է թե ոչ, իրավունքի խախտման փաստը ճանաչելու կամ չճանաչելու, արդարացի հատուցում տրամադրելու: Տեսականորեն նաև հնարավոր է, որ կարող են լինել դատավարական ժամկետների վերականգնման օրենսդրական հնարավորություններ։ Բայց հարցերը լուծելու են, եթե դատական կարգով պետք է լուծեն, լուծելու է Հայաստանի դատական գործող համակարգը, դատարաններն են գործելու»,-մանրամասնել է նախարարը:

Նախկին դատավոր Պարգև Օհանյանի խոսքով՝ եթե Սահմանադրության տառին նայենք, ժողովուրդը չի կարող փոփոխություններ անել իրավական համակարգում: «Բայց Սահմանադրության երկրորդ հոդվածը գերակայում է մյուս հոդվածների նկատմամբ. Ժողովուրդը կարող է իր ազատ ընտրության իրավունքը իրացնելով՝ ձևավորել իր դատական իշխանությունը: Խոսքը մարդկանց մասին է, ոչ թե էնպիսի կառույցների, որոնք ՄԻԵԴ-ի կողմից չեն ընդունվի»,-նշեց նախկին դատավորը:

Նախկին դատավոր Պարգև Օհանյանից նաև հետաքրքրվեցինք, թե եթե ինքն այսօր գործող դատավոր լիներ «հրամաններ ստացող դատավորներ, խելքներդ գլուխներդ հավաքեք, ժողովրդի հետ խաղ մի արեք», վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը արդյոք կարո՞ղ էր ճնշել իր գործունեությունը:

«Այդ ուղերձը բոլոր դատավորներին չէր, այլ հենց նախկին իշխանության հետ աշխատող և նրանցից հրամաններ ստացող դատավորներին: Ոչ մի պարագայում խոսքը չի կարող վերաբերել բոլորին»,- ասաց Օհանյանը՝ շարունակելով. «Իսկ եթե դատարանները անկախ լինեն, բայց անպատժելի, արդարդատություն դարձյալ չի կայանա: Ստանալով բացարձակ անկախություն՝ ստացվում է, որ նախկին իշխանությունների ձևավորած դատարանները իրենց առջև դրված խնդիրները կամ չեն լուծում, կամ չեն լուծում բավարար ձափով: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ ժողովուրդն էլ չի հավատում դատարաններին: Ուստի, էս դեպքում խոսել միջամտության մասին, ես գտնում եմ՝ հիմնավոր չէ, որովհետև խոսում է ժողովրդի ներկայացուցիչ, ով իշխանափոխություն է բերել և ուզում է այդ հեղափոխությունը հասցնել իշխանական բոլոր թևեր»:

«Դատարանը ոչ թե հանցավորության դեմ պայքարի, այլ արդարադատություն իրականացնող մարմին է». ՄԻՊ 

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ներկայացնելով դիրքորոշումը անցումային արդարադատության մարմիններ ձևավորելու ու դատարանների անկախության վերաբերյալ, զգուշացրել էր, որ անցումային արդարադատությունն ինքնին, որպես կանոն, ենթադրում է զիջումներ իրավունքների պաշտպանության համակարգում։

Ըստ պաշտպանի՝ պետք է հիշել, որ դատարանը ոչ թե հանցավորության դեմ պայքարի, այլ արդարադատություն իրականացնող մարմին է։

«Հայաստանի դատական համակարգում, իհարկե, կան խնդիրներ, այդ թվում՝ կապված դատարանների արտաքին ու ներքին անկախության, կոռուպցիոն դրսևորումների, դատարանի նկատմամբ քաղաքացու վստահության պակասի, արդար դատաքննության լիարժեք երաշխավորման հետ։ Սակայն այս ամենով հանդերձ, առկա խնդիրների լուծմանը պետք է հասնել հետևողական, այդ թվում՝ կոշտ, բայց բացառապես իրավական եղանակներով»,- նշել է պաշտպանը։

Ամբողջությամբ՝ forrights.am