Հատուկ քննչական ծառայությունը ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով հայտնի «Հաց բերող» Արթուր Սարգսյանի դատաբժշկական փորձաքննության արդյունքները չի շտապում հրապարակել այն դեպքում, երբ Քննչական կոմիտեն արդեն իսկ հրապարակել է դրանք։
Այսօր ՀՔԾ-ն հաղորդագրություն է տարածել, որում նշվում է հետևյալը.
«Անդրադառնալով Արթուր Սարգսյանի («Հաց բերող») մահվան հանգամանքներին առնչվող քրեական գործի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածած տեղեկատվությանը, որում մասնավորապես մեջբերվել են որոշ տվյալներ քրեական գործով նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններից, նաև հաշվի առնելով նշված քրեական գործի վերաբերյալ հանրային մեծ հետաքրքրությունը` հարկ ենք համարում տեղեկացնել, որ այն ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել դեռևս մայիսի 30-ին:
Հաշվի առնելով, որ քրեական գործով մինչ այդ նշանակված փորձաքննությունների եզրակացությունները ամբողջ ծավալով չէին բացահայտում քրեական գործի նախաքննության համար էական նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները՝ 2018 թվականի հունիսի 27-ին նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, որի արդյունքներն ակնկալվում է ստանալ սեպտեմբերի կեսերին»:
Մինչ այսօր ՀՔԾ-ի կողմից այս հաղորագրության տարածումը, Քննչական կոմիտեն «Հայկական ժամանակ»-ին արդեն իսկ այս գործով մանրամասներ էր հայտնել։ Մասնավորապես, ըստ աղբյուրի, քրեական գործով նշանակված հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության թիվ 0408 եզրակացության համաձայն՝ Արթուր Սարգսյանի մահը վրա է հասել բազմաօրգանային անբավարարությունից, որը պայմանավորված է եղել երկկողմանի թարախա-ֆիբրինային միաձույլ թոքաբորբով, օջախային շճային միոկարդիտով, սրտամկանի ծանր դիստրոֆիայով, օղակված պորտային ճողվածքի և սուր բարակաղիքային օբտուրացիոն անանցանելիության կապակցությամբ կատարված վիրահատությամբ՝ որովայնահատմամբ, տարածուն շճային պերիտոնիտով, վիրուսային հեպատիտ «C»-ով, քրոնիկ հեպատիտի ֆոնի վրա լյարդի ոչ լրիվ սեպտալ ցիռոզով, ներքին օրգանների ծանր միկրոցիրկուլյատոր խանգարումներով, դիստրոֆիկ-նեկրոտիկ փոփոխություններով, որոնք առկա են եղել Ա.Սարգսյանի մոտ կենդանության օրոք և մահվան անմիջական պատճառի հետ գտնվում են ուղղակի պատճառական կապի մեջ»:
Բացի այդ, քրեական գործով նշանակված երկրորդ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության թիվ 226/հձ եզրակացության համաձայն՝ ինչպես «Նուբարաշեն», այնպես էլ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում մահվան անմիջական պատճառի հետ ուղղակի պատճառական կապի մեջ չգտնվող «Բեխտերևի» հիվանդության և քրոնիկական սիրտ–թոքային ախտաբանության կապակցությամբ բուժում չի իրականացվել:
Նույն աղբյուրի համաձայն, 2016-ի դեկտեմբերի 21-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ում Արթուր Սարգսյանի մոտ գրանցվել է քրոնիկական բրոնխիտի առկայություն, որի թարախային բնույթը հետագայում հաստատվել է 2017-ի մարտի 15-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում ֆիբրոսկոպիկ ինտուբացիա կատարելիս։ Ավելին, դիակի դատաբժշկական փորձաքննության ընթացքում հայտնաբերվել է թոքաբորբ, որի զարգացմանը կարող էր նպաստել շնչառական ֆունկցիայի խանգարմամբ ուղեկցվող «Բեխտերևի» հիվանդությունը և որի առաջացման վաղեմությունը կազմում է, մահվանից առնվազն` շուրջ 3-4 օր առաջ:
Քննչական կոմիտեից հայտնել էին նաև, որ քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ պետական հատուկ ծառայություն իրականացնող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկների բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող որոշ աշխատակիցներ Արթուր Սարգսյանի «Բեխտերևի» հիվանդության և քրոնիկական սիրտ–թոքային ախտաբանության կապակցությամբ բուժում չեն իրականացրել, այսինքն` իրենց մասնագիտական պարտականությունները՝ դրանց նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով չեն կատարել։
Հաշվի առնելով, որ գործին ներգրավված են պետական ծառայողներ, քրեական գործն ըստ քննչական ենթակայության ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն։