Ներվերից վիրահատվելը ո՞րն է. մահացածի դուստրը պնդում է՝ մեղադրյալը փորձում է խուսափել պատասխանատվությունից
Advertisement 1000 x 90

Ներվերից վիրահատվելը ո՞րն է. մահացածի դուստրը պնդում է՝ մեղադրյալը փորձում է խուսափել պատասխանատվությունից

Արարատի բնակիչ 65-ամյա Գյանջիրով Հովհանյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործով մեղադրվող Նարեկ Ավետիսյանը փորձում է խուսափել դատաքննությունից: NEWS.am-ի հետ զրույցում 5 տարի առաջ մահացած Հովհանյանի դուստրը պնդում է՝ մեղադրյալն անհեթեթ պատճառներ է ներկայացրել դատարան, որպեսզի չներկայանա դատաքննությանը:

«Հորս՝ Գյանջիրով Հովհանյանի սպանության գործով երեկվա դատական նիստին, առանց այն էլ անօրինական մեղադրանքից հետո, ամբաստանյալ Նարեկ Ավետիսյանը դատարանին դիմեց խնդրանքով՝ իբր ներվային հիվանդ է, և խնդրում է թույլ տալ երկրից դուրս գնալ՝ Ստամբուլում բուժզննում անցնել, ապա հնարավոր է՝ նաև վիրահատվելու: Թե ներվերի վիրահատությունը որն է՝ չգիտեմ, նման բան չէինք լսել: Երևի նոր անօրինական մեթոդ են մշակել, կեղծ փաստաթղթերով փորձում են լքել երկիրը»,- ասաց Գայանե Հովհանյանը:

Նրա խոսքով՝ Արարատի ընդհանուր իրավասության դատարանը հետաձգել է միջնորդության քննությունը՝ պահանջելով մեղադրյալից համապատասխան բժշկական փաստաթղթեր ներկայացնել:

«Ես նույն համառությամբ փորձում եմ արդարադատության փշրանքները հավաքել և ամբողջացնել պատկերը, բացահայտել հորս սպանությունը: Իսկ դատարանում գործով վկա Ամալյան անվայելուչ բառերով փորձում էր մեզ վիրավորել և հունից հանել, սակայն դա իրենց չհաջողվեց»,- ասաց Գայանեն:

Մահացածի դստեր կարծիքով՝ դատական համակարգում հեղափոխությունը դեռ չի հասել Արարատի մարզ, սակայն ինքն արդարադատության հույս ունի:

Նշենք, որ Նարեկ Ավետիսյանը մեղադրվում է Գյանջիրով Հովհանյանին ինքնասպանության հասցնելու մեջ: Գյանջիրով Հովհանյանի մահվան դեպքով նախաքննական մարմինը քրեական գործ չի հարուցել՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Այս կապակցությամբ Գայանե Հովհանյանը բողոք է ներկայացրել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ մասնակիորեն բավարարվել է նրա բողոքը. դատարանն արձանագրել էր, որ տուժողի իրավահաջորդ Գայանե Հովհանյանի իրավունքները խախտվել են, և պարտավորեցրել է վերացնել դրանք:

Որոշման դեմ այս անգամ Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել Արարատի դատախազությունը՝ պնդելով, որ Գայանե Հովհանյանի իրավունքները չեն խախտվել, կատարվել է օբյեկտիվ քննություն: Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազության ներկայացրած բողոքը:

Այնուհետև երկրորդ փուլում գործը քննել է հատուկ կարևոր գործերով քննչական վարչությունը, և գործը կասեցրել են, սակայն Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է այս որոշումը: Այժմ գործը Վճռաբեկ դատարանում է: