Ստամբուլի Գալաթասարայի հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ թուրք ոստիկանները փորձել են բերման ենթարկել հայազգի պատգամավոր Կարո Փայլյանին:
«Շաբաթ օրվա մայրերի» բողոքի ակցիային, ի թիվս այլ ընդդիմադիր պատգամավորների, մասնակցում էր նաև Կարո Փայլանը:
Նախ ոստիկանները բռնություն գործադրելով հեռացրել են նստացույցի մասնակից կանանց, ապա բերման ենթարկել ակցիայի մյուս մասնակիցներին, որոնք չեն ցանկացել հեռանալ հրապարակից:
Կարո Փայլանը փորձել է պաշտպանել Հրանտ Դինքի որդուն՝ Արատ Դինքին, թույլ չտալով նրան բերման ենթարկել:
Փայլանի հետ միասին Արատ Դինքի ձերբակալությանը խոչընդոտել են ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության պատգամավորներից Ահմեդ Շըքը, Սերփիլ Քեմալբայը և Հյուդա Քայան։
«Ակօսը»-ի տվյալներով, ոստիկանները ձերբակալել են ակցիայի 47 մասնակցի, որոնց ավելի ուշ ազատ են արձակել:
«Շաբաթօրյա մայրերի» ակցիայի անցկացման համար կազմակերպիչները քաղաքապետարանից թույլտվություն չեն ստացել:
«Շաբաթօրյա մայրերի» ակցիան անցկացվում է 1995-ից ի վեր ամեն շաբաթ օր: Այն 1980-90-ական թվականներին քրդական շարժման՝ կալանավորված, անհետ կորած կամ քաղաքական սպանությունների զոհ դարձած մասնակիցների մայրերի բողոքի ակցիան է: