ԱՄՆ-ի Արիզոնայի նահանգի նահանգապետ Դագ Դյուսին կարող է Սինդի Մակքեյնին՝ քաղցկեղից մահացած սենատոր Ջոն Մաքքեյնի կնոջը, նշանակել այն պաշտոնում, որը նա զբաղեցնում էր: Այդ մասին օգոստոսի 26-ին հայտնել է The New York Times թերթը՝ վկայակոչելով Հանրապետական կուսակցության աղբյուրներ:
Հրատարակության տվյալներով՝ Դյուսին պատրաստվում է Մակքեյնին փոխարինողին նշանակել մեկ շաբաթից ոչ շուտ՝ սգո բոլոր արարողությունների ավարտվելուց հետո: Հնարավոր մյուս թեկնածուների թվում են՝ Արիզոնայի նահանգից նախկին հանրապետական սենատոր Ջոն Քիլը, ինչպես նաև նահանգից Ներկայացուցիչների պալատի նախկին անդամներ Ջոն Շադեգը և Մեթ Սալմոնը:
Դյուսիի կողմից նշանակված թեկնածուն սենատորի աթոռը կզբաղեցնի մինչև 2020 թվականի նոյեմբերը, ինչից հետո տեղի կունենան ընտրություններ և նոր սենատորը այդ պաշտոնը կզբաղեցնի մինչև 2022 թվականի աշուն՝ մինչև այն ժամկետը, որով ընտրվել էր Մակքեյնը:
Ինչպես հայտարարել են թերթի աղբյուրները, Դյուսին մտադիր է ընտրել այն թեկնածուին, որը պատրաստ է առաջադրվելու 2020 թվականի ընտրություններում:
Դյուսիի ընտրությունը մեծ նշանակություն կունենա Հանրապետական կուսակցության համար, որը 50 ձայն ունի ԱՄՆ-ի Սենատում՝ ընդամենը մեկ ձայնով ավելի, քան դեմոկրատները, ճշտում է NYT-ը:
Մակքեյնն առաջին անգամ Արիզոնայի նահանգից Կոնգրեսի վերին պալատում ընտրվել էր 1986 թվականին, իսկ մինչ այդ չորս տարի աթոռ էր զբաղեցնում Ներկայացուցիչների պալատում: