Կհրաժարվեմ ամեն ինչից ու ամենքից, բայց ոչ իմ Աստծուց. Սիլվի Բարկովա. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Կհրաժարվեմ ամեն ինչից ու ամենքից, բայց ոչ իմ Աստծուց. Սիլվի Բարկովա. life.panorama.am

Դերասանուհի Սիլվի Բարկովան դեռևս ամիսներ առաջ առաջինը Life.panorama.am-ին էր հայտնել, իր և սիրելիի նշանադրության մասին, ու բացահայտել, որ նա ազգությամբ հնդիկ է։ Ու թեև այդ փաստն այլևս շատերին էր հայտնի, միևնույն է, օրեր առաջ Հնդկաստանում կայացած նրա շքեղ և բացառապես հնդկական ավանդույթներով հարսանիքն իսկական իրարանցում առաջացրեց։ Այս օրերին ոմանք զարմացած, ոմանք էլ հիացած պատմում են միմյանց այս նորությունը, իսկ առանձնահատուկ խոսվում է այն մասին, թե մեր գեղեցկուհի Սիլվին ինչպես էր փայլում հնդկական հարսանեկան կերպարով. ի դեպ՝ իր իսկ հարսանիքի օրը Սիլվին երկու հրավեր է ստացել՝ ներկայանալ որպես ֆոտոմոդել, սակայն ինքն ու ամուսինը մերժել են։

Life.panorama.am-ի հետ զրույցում Սիլվի Բարկովան պատմել է նոր ընտանիքի, ամուսնու և ծրագրերի մասին։

«Որքանով հասկացել եմ, Հայաստանում ամուսնությունս բավականին մեծ աղմուկ բարձրացրեց, հիմա անգամ կատակելով ասում եմ, որ եթե իմանայի այդպես կլիներ, ավելի շուտ կամուսնանայի։ Ինչևէ, ես ինձ շատ լավ եմ զգում այստեղ՝ իմ նոր ընտանիքում, և հուսամ, որ միշտ լավ կզգամ. ամեն դեպքում ամուսինս և նրա ծնողներն ամեն ինչ անում են դրա համար, և ես դա շատ եմ գնահատում»,- նշեց դերասանուհին ու կատակելով ավելացրեց.

«Այստեղ ապրում եմ սկեսուրիս և սկեսրայրիս հետ. ամեն ինչ լավ է, դեռևս իրեր չենք ծեծել»։

Սիլվին վերջին օրերին հաճախ է նշում, որ իրեն դժվար չէ նոր ընտանիքում ու երկրում, որտեղ ամեն ինչ հեռու է հայկական մենթալիտետից, բայց մեզ հետ զրույցում նկատեց.

«Անշուշտ, ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ, մենթալիտետների տարբերությունը բավականին մեծ է, բայց ամուսնուս հետ ամեն ինչ չափազանց լավ է, իր մտածելակերպով նա շատ է տարբերվում բոլորից, ինչն էլ ինձ դեռ վաղուց է գրավել»։

Թեև Սիլվին ամուսնացել է բացառապես հնդկական օրենքներով, սակայն իր և ամուսնու հարաբերությունների հենց սկզբից նա իր պայմանը հստակ է դրել՝ ոչ մի դեպքում չի հրաժարվի իր հավատքից.

«Այս հարցն ինձ մոտ շատ խիստ է դրված՝ կհրաժարվեմ ամեն ինչից ու ամենքից, բայց ոչ իմ Աստծուց։ Մենք՝ հայերս, այդպիսինն ենք՝ մենք ու մեր Աստվածը»- ընդգծեց նա։

Ի դեպ՝ հետաքրքրվելով, թե հնարավո՞ր է արդյոք Սիլվին և ամուսինը նաև հայկական ավանդույթներով ամուսնանան՝ առաքելական եկեղեցում և ճերմակ զգեստով, պատասխանեց.

«Ես հարսանեկան արարողություն շատ եմ սիրում, եթե ինձ մնա, ապա ամեն ամիս կամուսնանամ։ Չգիտեմ, հնարավոր է, որ մի օր էլ հայկական հարսանիք ունենանք»։

Առաջիկայում Սիլվի Բարկովային հայկական նախագծերում չենք տեսնի, բայց հնդկական ընտանիքի հարսը չի պատրաստվում առհասարակ վերջ տալ կարիերային։ Ասում է՝ ամուսինն իրեն շատ է սիրում և անչափ խանդում է, բայց նաև Սիլվին ու ամուսնու ծնողները համոզում են, որպեսզի դերասանուհին իր գործունեությունը ծավալի Հնդկաստանում։ Սիլվիի պլաններում է առաջիկայում հնդկերեն սովորել, որպեսզի աշխատանքն այնտեղ անխոչընդոտ լինի։

Նրա խոսքով՝ ամուսինը Հայաստանը շատ է սիրում, քանի որ իր սիրելի կնոջ երկիրն է։ Հարցին, թե հնարավոր է արդյոք նրանք գան ու Հայաստանում ապրեն, դերասանուհին նշեց.

«Ցավոք, գործազրկության ու աղքատության պատճառով հայերն են հեռանում իրենց հայրենիքից, դժվար թե ամուսինս իր բիզնեսն այստեղ թողնի ու գա Հայաստան։ Ամեն դեպքում՝ հուսամ, որ մեր Հայաստանում շուտով կյանքը կբարելավվի»,- ավարտեց Սիլվի Բարկովան։

life.panorama.am



Նման նյութեր