Սեպտեմբերի 15-ից Վրաստանն արգելելու է ցամաքային ճանապարհով Հայաստան ցորենի ներկրումը. ինչ ռիսկեր են առաջ գալիս
Advertisement 1000 x 90

Սեպտեմբերի 15-ից Վրաստանն արգելելու է ցամաքային ճանապարհով Հայաստան ցորենի ներկրումը. ինչ ռիսկեր են առաջ գալիս

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 15-ից արգելվելու է ցամաքային ճանապարհով Հայաստան ցորենի ներկրումը։ Ներկրող ընկերություններն արդեն զգուշացվել են, որ այլևս չեն կարող անցնել Վրաստանի տարածքով։ Փոխադրումները պետք է իրականացվեն միայն Փոթիի նավահանգստով։

Բեռնափոխադրող ընկերություններն արդեն բարձրաձայնում են հնարավոր ռիսկերը։ Այդ ռիսկերի մասին նամակով տեղյակ են պահել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ակնկալելով հրատապ արձագանք, քանի որ խնդիրն ունի ստրատեգիական նշանակություն։

Ըստ ներկրողների՝ ցորեն ներկրումը ՌԴ-ից ՀՀ կունենա միայն մեկ ճանապարհ, այն է՝ ծովային ճանապարհը, որը խիստ կախվածություն ունի եղանակային պայմաններից։ Բացի դրանից՝ նման իրավիճակում գնաճն անխուսափելի է լինելու, մոտավոր հաշվարկով 50 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ մեկ տոննայի համար։ Բազմաթիվ մանր ձեռնարկատերեր (բեռնափոխադրումով զբաղվող, վարորդներ և այլն) գործազուրկ են դառնալու։ Եվ որ ամենակարևորն է՝ առաջանալու է ստրատեգիական նշանակության ապրանքի՝ ցորենի ներկրման ուղիղ կախվածությունը ՌԴ-ից, քանի որ փոխադրումն իրականացվելու է հարավկովկասյան երկաթուղիների միջոցով՝ Փոթի-Երևան ուղղությամբ։

Կառավարությունը դեռ չի արձագանքել բեռնափոխադրողների նամակին։

Անվտանգության և տրանսպորտային ոլորտի փորձագետ Վահե Դավթյանի խոսքերով, սակայն, Վրաստանի կառավարության որոշումը լուրջ վտանգներ կամ ռիսկեր չի պարունակում Հայաստանի համար, քանի որ Վրաստանից Հայաստան ներկրվող ցորենի ծավալները չնչին են։ «Չեմ կարծում, որ այդ քաղաքականության արդյունքում Հայաստանը ինչ-որ էական ռիսկերի առաջ կկանգնի: Նախ` նշեմ, որ Վրաստանից Հայաստան ներկրող ցորենի ծավալները չնչին են, դրանք շուկայի անգամ 2%-ը չեն կազմում. հիմնական ծավալները գալիս են Ռուսաստանից, որոշ ծավալ էլ ապահովում ենք Ղազախստանից՝ մոտ 6-7%: Ինչ վերաբերում է հացահատիկին, ապա այստեղ ևս ներմուծումը հիմնականում Ռուսաստանից է իրականացվում: Հետևաբար, Վրաստանում հնարավոր գների բարձրացումը չի անդրադառնա հայկական շուկայի վրա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Դավթյանը։

Ամբողջությամբ՝ 1in.am