Ղրիմի Հանրապետության հյուսիսի Արմյանսկ քաղաքում մասնագետներն ստուգում են առարկաների վրայի փառը, որն առաջացել է անհայտ նյութի արտանետումից հետո: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է փոխնահանգապետ Իգոր Միխայլիչենկոն:
«Օգոստոսի 23-ի լույս 24-ի գիշերը տեղի է ունեցել անհայտ նյութի արտանետում մթնոլորտ, դեղին փառ է հայտնվել մետաղյա առարկաների, տանիքների և ծառերի տերևների վրա: Ժամանել են դատախազության, «Ռոսպոտրեբնադզորի» (ներկայացուցիչները) և (տարածաշրջանի) բնապահպանության նախարարության աշխատակիցները: Կատարվում են հետազոտություններ»,- ասել է փոխնահանգապետը:
Նրա խոսքով՝ փորձաքննության արդյունքները պլանավորվում է ստանալ մոտ օրերս: Տարածաշրջանային զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ տեղի բնակիչները գանգատվում են, որ մետաղյա առարկաները կարծես թե ժանգոտվել են կամ էլ ծածկվել յուղանման փառով, անհասկանալի նյութով են ծածկված ծառերի տերևները, տուժել է բանջարանոցների բերքը: Սոցիալական ցանցերում մարդիկ նշում են, որ արդեն մի քանի օր է, ինչ քաղաքում թթվի հոտ է կանգնած և կարծում են, որ արտանետում է տեղի ունեցել տեղի ձեռնարկություններից մեկում. Ղրիմի հյուսիսում մի քանի գործարան է աշխատում: