ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփն օգոստոսի 27-ին մասնակցել է Սպիտակ տան հարավային բացատում ծառատնկման արարողությանը: Տնկին կարմիր կաղնին էր, որը բնորոշ է Միացյալ Նահանգների հյուսիսարևելյան շրջանների և Կանադայի հարավի համար:
«Նախագահներն ու առաջին տիկնայք ավանդաբար ծառեր են տնկում Սպիտակ տան բացատներում: Կոնկրետ այդ ծառն Էյզենհաուերի կաղնու տնկին է, որն աճում է (Ժակլին) Քենեդիի պարտեզի մոտ»,- ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Արարողությանն առաջին տիկնոջ հետ ներկա էր Մերի Ջին Էյզենհաուերը՝ ԱՄՆ-ի 34-րդ նախագահ Դուայթ Էյզենհաուերի թոռնուհին: Նախագահը 1959 թվականին տնկել էր հենց այն կաղնին, որից այժմ տնկի է վերցվել: Կարմիր կաղնին կարող է հասնել 25 մետր բարձրության: Այն հաճախ է հանդիպում Հյուսիսային Ամերիկայի արևելյան մասի գետերի ափերին: