ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը կարծում է, որ այսօր ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն անվստահություն հայտնեց գործող կառավարությանը:
«Պարոն Մարուքյանի հարցադրումը փաստորեն անվստահություն էր գործող կառավարությանը, որովհետև, եթե բարձրացրած խնդրի լուծումը պետք է բարեկամական խումբը կարգավորի, ապա հասկանալի չէ, թե ինչով պետք է զբաղվի ՀՀ ԱԳ նախարարությունը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Աշոտյանը:
Պատգամավորը նաև շեշտեց, որ տվյալ պարագայում նաև դժվար է հասկանալ, թե տնտեսական ինչ արդյունքներ տվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստան կատարած այցը:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ արտահերթ նիստին վարման կարգով ձայն խնդրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը և անդրադարձավ Վրաստանում ընդունված որոշմանը, որն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 15-ին, և որի համաձայն՝ հացահատիկն այլևս չի կարող ներկրվել վերգետնյա տրանսպորտով:
«Ես խոսել եմ տրանսպորտային ընկերությունների հետ, որոնք իրենց հաշվարկներով ասել են, որ տոննայի մեջ 50 դոլարով հացահատիկը կթանկանա, եթե միայն Փոթիով գա. այնտեղ ինչ-որ մոնոպոլ գործունեության հարց կա»,- ասաց նա:
Էդմոն Մարուքյանը նշեց, որ դա Վրաստանի ներքին գործն է, բայց որպես եղբայրական պետություններ՝ պետք է խնդիրը բարձրացվի և լուծում ստանա: «Ես կարծում եմ՝ Վրաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը ևս պետք է զբաղվի այս խնդրով: Ժամանակը խիստ կարճ է, եթե որոշումն ուժի մեջ մտնի՝ մենք լուրջ խնդիր կունենանք, առանց այն էլ հացը թանկացել է ՌԴ-ում հացահատիկի թանկացման հիմքով, հիմա էլ կարող է թանկանալ»,- ասաց նա և կոչ արեց կապվել Վրաստանի մեր գործընկերների հետ և խորհրդարանական դիվանագիտության միջոցով հարցը լուծել: