Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը «Facebook»-ում կատարած գրառմամբ անդրադարձել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և ՀՀ սպորտի նախարարության հետ վերջին շրջանի լարված հարաբերություններին.
«Հարգելի հայրենակիցներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ և լրագրողներ, վերջին ժամանակներում բռնցքամարտի ազգային ֆեդերացիայի շուրջ ստեղծված արհեստածին լարվածության շուրջ ավելորդ չեմ համարում տարածվող ապատեղեկատվությունները հերքելու նպատակով ներկայացնել հետևյալը.
ՀԱՕԿ ներկայացուցիչների և Բռնցքամարտի ազգային ֆեդերացիայի միջև ստեղծված իրավիճակն առնվազն տարակուսելի է այնքանով, որ կոմիտեի որոշ ներկայացուցիչներ մարզաշխարհի էթիկայի և իրավական հարթությունը կանոնակարգող նորմերից անտեղյակ են և կամա թե ակամա փորձում են հղումներ կատարել մտացածին կանոնակարգումների վրա:
Հարկ եմ համարում ևս մեկ անգամ մարզաշխարհի որոշ ներկայացուցիչների հիշեցնել, որ բռնցքամարտի ազգային ֆեդերացիան անկախ և ինքնուրույն հասարակական կազմակերպություն է և առաջնորդվում է բացառապես կանոնադրությամբ և ԱԻԲԱ-ի սահմանած կանոններով:
Տեղեկացնում եմ, որ Ֆեդերացիան անձնական ամբիցիաների համար սեփականաշնորհելու ցանկացած փորձ դատապարտված է լինելու ձախողման: Ակնկալում եմ նաև ՀՀ կառավարության օրինական միջամտությունը և աջակցությունը որոշ կառույցների (մասնավորապես՝ ՀՀ սպորտի նախարարության և ՀԱՕԿ-ի) չպատճառաբանված ներգործությունների հարցով: Առանց մեկնաբանությունների ներկայացնում եմ EUBC նախագահի հայերեն թարգմանությամբ նամակը:
__________________________________________
Հարգելի պարոն Գևորգյան
Հարգարժան Արթուր
Որպես EUBC նախագահ՝ ես կցանկանայի արտահայտել իմ մտահոգությունը Ձեր կողմից մանրամասն ներկայացրած նամակի վերաբերյալ,որում ներկայացված է այն բարդ իրավիճակը, որը ստեղծվել է բռնցքամարտի ֆեդերացիայի և ՀԱՕԿ-ի միջև։ Ձեր կողմից բարձրացված խնդիրը շատ լուրջ է և անհանգստացնող Օլիմպիական բռնցքամարտի ապագայի համար Ձեր հեղինակավոր երկրում։ Ուստի ես կցանկանայի հրավիրել AIBA-ի և ASOIF -ի նախագահներին, որպեսզի նրանք անմիջականորեն զբաղվեն այդ խնդիրներով, կյանքի կոչեն օրենքները, խուսափեն միջամտությունից և ապահովեն անհրաժեշտ աջակցություն Ձեր ղեկավարությանը։
Ես վստահ եմ, որ նախագահ Գաֆուր Ռախիմովը և նախագահ Ֆրանչեսկո Ռիչչի Բիտտին կկարողանան լուծել այս անընդունելի մարտահրավերը։ Ցանկանում եմ Ձեզ ամենայն բարիք և անհամբերությամբ սպասում եմ մեր հաջորդ հանդիպմանը մոտ ապագայում։
Անկեղծորեն Ձեր
Ֆրանկո Ֆալչինելի
EUBC Նախագահ»,- գրել է Արթուր Գևորգյանը և հրապարակել ստորև ներկայացված լուսանկարը: