Աստղիկ Սաֆարյանի նոր ֆոտոշարքերն այլևս չեն զարմացնում, բայց փոխարենը նրա երկրպագուները անընդհատ սպասում են դրանց՝ տեսնելու երգչուհու նոր կերպարները։ Life.panorama.am-ը նոր ֆոտոշարքի մասին զրուցել է Աստղիկի հետ ու ծանոթացել նրա առաջիկա ծրագրերին:
«Հիմա արդեն ամեն հարցում էլ զարմացնելը ամենակարևոր գործոնը չէ, առավել կարևոր է քո գործով կարողանալ, որևէ կերպ ոգեշնչել և դրական լիցքեր փոխանցել նրանց, ովքեր սպասում են աշխատանքիդ։ Շատ եմ տեսնում զարմացնել ցանկացող ֆոտոշարքեր կամ տեսահոլովակներ, որոնք առաջին հայացքից միգուցե զարմանալի թվան, բայց եթե պարունակում են նեգատիվ տրամադրություն ու փոխանցում են վատ լիցքեր, դառնում են տհաճ։ Ես միշտ փորձում եմ իմ երգերով, իմ ֆոտոշարքերով կամ տեսահոլովակներով ոգեշնչել իմ լսարանին և փոխանցել դրական պոզիտիվ լիցքեր, իսկ դա շատ ավելի հատուկ և շատ ավելի դժվար բան է, քան պարզապես զարմացնելը»,- նշեց երգչուհին։
Աստղիկը մշտապես ինքն է ընտրում իր ոճը թե տեսահոլովակների, թե ֆոտոշարքերի համար: Խոսելով այս կերպարի մասին՝ մեր զրուցակիցը պատմեց.
«Ինձ համար ցանկացած ոճ ստեղծելիս բավական է մի փոքրիկ թեմատիկ դետալ և մնացածն արդեն ինքն իրեն մտքումս ստեղծվում է։ Այս դեպքում դիմահարդար Մարի Աբելյանի և լուսանկարիչ Գևորգ Սարգսյանի կողմից ստացա առաջարկ համագործակցելու և ֆոտոշարք անելու։ Նրանք ի սկզբանե կարևորեցին մեկ դետալ՝ բնական դիմահարդարմամբ, բացահայտ ամառային կերպար, բայց սև գույն։ Ես էլ փորձեցի ստանալ այն, ինչ պահանջվում էր՝ ամառային շորտ-կիսաշրջազգեստ, թրենդային բաց ուսերով տոպ և ավելացրեցի իմ «ACO» ապրանքանիշի գլխի գեղեցիկ ժապավեն, աքսեսուարներ, և ստացվեց շատ ամառային, սև, բայց միևնույն ժամանակ գունեղ կերպարով ֆոտոշարք»։
Երգչուհու համար աշխատանքային սեզոնը սկսվում է ոչ թե սեպտեմբերի 1-ից, այլ՝ 3-ից. «Սեպտեմբերն ինձ համար նախևառաջ ևս մեկ տարով մեծանալու ամիս է, ու սկսվում է սեպտեմբեր 3-ից՝ ծննդյանս օրվանից, և արթնացնում է ինձ ամեն անգամ, հիշեցնում, որ անցավ ևս մեկ տարի, և պետք է շատ ավելի արագ և արդյունավետ գործել։ Նորություններ, իհարկե, պատրաստել եմ իմ լսարանի համար, որոնք շատ սիրով սպասում են իմ ամեն մի աշխատանքին, ես էլ սպասում եմ, թե երբ եմ նրանց հետ կիսելու դրանք»,- ավարտեց Աստղիկ Սաֆարյանը: