Ճապոնացի արվեստագետը յուրօրինակ նվեր է մատուցել Երևանին
Advertisement 1000 x 90

Ճապոնացի արվեստագետը յուրօրինակ նվեր է մատուցել Երևանին

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի նախաձեռնությամբ Երևանի հիմնադրման 2800-ամյակի առթիվ Երևանում գտնվող ճապոնացի հանրահայտ արվեստագետ, պրոֆեսոր Կունիտո Նագաոկան պատճենել է Երևանի «անձնագիր» համարվող ուրարտական սեպագիր արձանագրությունը, որը պահպանվում է «Էրեբունի» պատմահնագիտական թանգարանում:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, արվեստագետը չինական ավանդական Տակու-Հոն դրոշմատպման եղանակով արտատպել է արձանագրությունը, ինչպես նաև Երևանի պատմության թանգարանում գտվող հայտնի խաչքարի մեկ օրինակ: Հարկ է նշել, որ այդ տեխնիկային այսօր հիմնականում տիրապետում են ճապոնացիները: Դրոշմատպման համար օգտագործվել է բարակ և ամուր թուղթ (բնական թելատու բույսերից պատրաստված) և համապատասխան ստվերաներկ (տուշ): Երևանում արվեստագետը օգտագործել է ճապոնական «տանգո» տիպի թուղթ, որը պատրաստվում է հատուկ պատվերով: Յուրաքանչյուր ձեռագործ դրոշմատիպ համարվում է բնօրինակ և արվեստագետի ստորագրությունն է կրում:

«Ես տպավորված եմ հայերի մշակութային, հոգևոր ավանդույթներով և ուզում եմ կենդանացնել ու փաստագրել հին խաչքարերի առաքելությունն իբրև քարե դրոշմատիպեր՝ նրանց վերադարձնելով ժամանակակից աշխարհ` իրենց ձևերի ամբողջ հարստությամբ և փորագրությունների ողջ նրբությամբ: Հատուկ ուզում եմ նշել, որ Երևանի հիմնադրման սեպագիր արձանագրությունը 21-րդ դարում յուրօրինակ արվեստի գլուխգործոցի մաս կարող է կազմել, չնայած, որ այն արվել է հազարամյակներ առաջ»,- նշել է ճապոնացի արվեստագետը:

Աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը, ողջունելով և շնորհակալություն հայտնելով ճապոնացի արվեստագետին նման յուրօրինակ նվերի համար, նշել է. «Երևանի համար այս տարին հոբելյանական է և յուրօրինակ այս նվերներն իսկապես խորհրդանշական են մայրաքաղաքի համար: Ըստ այդմ, դրանք անպայման կդառնան այլ երկրներում նախատեսվող ցուցահանդեսների կարևոր բաղադրիչներ՝ օտարազգիներին առավել հանգամանորեն ներկայացնելով հայկական մշակույթը»,- ասել է արվեստագետը:
Ճապոնացի պրոֆեսորը արտատպած օրինակները հանձնել է Երևանի պատմության և «Էրեբունի» պատմահնագիտական թանգարաններին: