53 տարի առաջ, Տիգրան Պետրոսյանը (1929-1984) դարձավ շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոնը: Հաղթելով Բոտվիննիկին, նա առաջին անգամ արժանացավ չեմպիոնի կոչմանը:
Արխիվային լուսանկարները և վավերագրական կինոկադրերը ներկայացնում են այդ օրերի Երևանը, երբ հազարավոր երկրպագուներ հավաքվում էին Օպերայի հրապարակում, ցուցատախտակի վրա դիտելու խաղի ընթացքը: Ֆրունզե Դովլաթյանի հայտնի՝ «Բարև, ես եմ» ֆիլմի առաջին կադրերն էլ են սկսվում այդ մրցաշարի օրերից:
Ցնծում էր ոչ միայն Երևանը: Պետրոսյանը շատ երկրպագուներ ուներ նաև Մոսկվայում: Դա երևի նրանից էր, որ վերջինս Մոսկվայի «Սպարտակի» մեծ երկրպագու էր: Չնայած, գրոսմայստերի շախմատային տաղանդը շատերին անտարբեր չէր թողնում:
Պետրոսյանը հայտնի էր իր պաշտպանությամբ: Նրան նույնիսկ ասում էին «Երկաթյա Տիգրան», քանի որ խաղը կազմակերպում էր ճկուն պաշտպանության ներքո:
Նա չեմպիոն էր 1963-1969 թթ.: 1966 թ. Պետրոսյանը կրկին դարձավ չեմպիոն, հաղթելով Բորիս Սպասկուն, սակայն երեք տարի անց թագը զիջեց նրան…