Անանուն աղբյուրների տեղեկատվությունը չի մեկնաբանվում. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «Ինտերֆաքս»-ի հրապարակմանը
Advertisement 1000 x 90

Անանուն աղբյուրների տեղեկատվությունը չի մեկնաբանվում. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «Ինտերֆաքս»-ի հրապարակմանը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ռուսական «Ինտերֆաքս» լրատվական գործակալության հրապարակմանն այն մասին, որ ՌԴ-ն կմերժի Հայաստանին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին արտահանձնելու հարցում: «Անանուն աղբյուրների տեղեկատվությունը չի մեկնաբանվում, հատկապես, որ դա կապված է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից քննվող գործի հետ»,- ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Ռուսական «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, հղում անելով ՌԴ իրավապահ համակարգի անանուն աղբյուրին, գրել է, թե ՌԴ-ն կմերժի Հայաստանին պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին արտահանձնելու հարցում, քանի որ Միքայել Հարությունյանը 2002թ.-ից ՌԴ անձնագիր ունի: Նշվում է, որ ՌԴ սահմանադրության համաձայն՝ երկրի քաղաքացին չի կարող արտահանձնվել այլ երկրի՝ նույնիսկ քրեական պատասխանատվության ենթարկվելու համար:

Գործակալության աղբյուրը նշել է, որ ՌԴ իրավապահ մարմինները Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին արտահանձնելու մասին հարցում են ստացել, և այժմ այն գտնվում է քննարկման փուլում: Աղբյուրը չի բացահայտել ՌԴ և ՀՀ իրավապահ մարմինների նամակագրության մանրամասները՝ նշելով միայն, որ հարցումը ստացվել է Ռուսաստանում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի գծով:



Նման նյութեր