Կատալոնացի ֆուտբոլիստ Ջերարդ Պիկեն նախորդ շաբաթ հայտարարեց միջազգային կարիերան ավարտելու մասին: Իսպանիայի հավաքականում կատալան ֆուտբոլիստի գործերն այնքան էլ հարթ չէին ընթանում: Նրան պարբերաբար մեղադրում էին քաղաքական սկանդալների մեջ:
Ֆուտբոլիստը բազմիցս սպառնացել էր հեռանալ հավաքականից: Օրինակ՝ ֆուտբոլիստը պատրաստ էր գնալ այդ քայլին, եթե Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խուան Լարեան պաշտոնից հեռացներ հավաքականի մարքետինգի բաժնի տնօրեն Մարիա Խոսե Կլարամունտային: Ֆուտբոլիստը միշտ աջակցել էր վերջինիս:
Կատալոնիայի անկախության փորձերի ժամանակ լարվածությունն Իսպանիայի հավաքականի ճամբարում շատ մեծ էր: Հավաքականի ճամբարին մոտ կանգնած աղբյուրները նշում էին անգամ, որ Պիկեն «Բարսելոնայի» խաղից հետո արցունքներով ասել էր, որ, եթե ինքն է խանգարում հավաքականին, ապա կարող է հեռանալ:
Շատերը կարծում էին, որ հենց նման լարվածությունն էր պատճառը, որ Պիկեն որոշեց հեռանալ հավաքականից: Սակայն քննարկվում է ևս մեկ տարբերակ: Ըստ իսպանական մամուլի՝ Պիկեն վաղուց որոշել էր հեռանալ հավաքականից և լրջորեն զբաղվել բիզնեսով:
Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է «Բարսելոնայի» պաշտպան Ջերարդ Պիկեի որոշումը: «Պիկեն որոշել էր թիմից հեռանալ երկու տարի առաջ: Այս որոշումն անբեկանելի էր նրա համար, սակայն նա շատ երկար ժամանակ ուներ մտածելու համար:
Մենք պետք է ընդունենք դա: Պիկեի կարիերայի տարիներն արժանի են հարգանքի»,- նշել է Էնրիկեն TVE- ի հետ զրույցում:
Ինչպես հայտնի է, Պիկեն վերջին տարիներին լուրջ ուշադրություն էր դարձնում իր կրթությանը: Այժմ, երբ Պիկեն ունի ավելի շատ ազատ ժամանակ, նա ավելի ակտիվ զբաղվելու է իր բիզնեսներով:
Ֆուտբոլից բացի, Պիկեն հետաքրքրված է թենիսով: Նրա Kosmos թիմը դարձավ Դևիսի գավաթի հիմնական ներդրողը: Ընկերությունը մտադիր է 3 միլիարդ դոլար ներդնել ITF-ում (International Tennis Federation-Թենիսի միջազգային ֆեդերացիա) 25 տարվա ընթացքում` տարեկան 120 միլիոն:
Kosmos անվամբ գործում է Պիկեի ընկերությունը, որն այս տարի թողարկեց ֆիլմ՝ «La Decision» անվամբ: Այնտեղ Անտուան Գրիզմանը որոշում է՝ մնա՞լ «Ատլետիկոյում», թե՞ տեղափոխվել «Բարսելոնա»: «Ես առաջարկեցի Գրիզմանին ֆիլմ նկարահանել, ասելով, որ դա կարող է լինել լավ բովանդակություն երկրպագուների համար` անկախ նրա որոշումից: Սա տեսակով նոր բան է: Այն թույլ է տալիս մարդկանց ավելի մոտ լինել խաղացողին»,- նշել է Պիկեն:
Պիկեի ընկերությունն ակտիվորեն կապված է նաև մեդիայի հետ: Այժմ The Player’s Tribune հարթակում Պիկեն ստեղծել է Pique+ հարցազրույցների շարքը, որտեղ հրավիրվում են աշխարհի լավագույն ֆուտբոլիստները: Պիկեի հյուրերի ցանկում արդեն կան այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Նեյմարը, Բուֆոնը, Սուարեսը և Խամեսը:
Նախորդ տարվա հոկտեմբերին, երբ շատ ակտիվ քննարկվում էր Կատալոնիայի անկախության հարցը, Պիկեն հայտարարեց, որ ինքն ու Ռամոսը նոր բիզնես-նախագիծ ունեն: Դա մեդիա նախագիծ է՝ Power To The Players անվամբ, որտեղ հրավիրված են լինելու միայն եվրոպացի մարզիկներ:
2011-ին Պիկեն հիմնել է Kerad Games ընկերությունը, որը մասնագիտացած է վիդեո խաղերի զարգացման վրա: Այստեղ ներդրումները 500 հազար եվրոյից են սկսվում: 2018 թվականի Աշխարհի գավաթի խաղարկությունից հետո ընկերությունը ստիպված էր փակվել՝ 2 մլն եվրո վնասի պատճառով:
Բացի այդ, Պիկեն աշխատում է այլ ծրագրերի վրա.
- Kypers- Սա ակնոցների արտադրություն է: Պիկեն ընկերության հիմնական բաժնետերն է, նրան է պատկանում բաժնետոմսերի 62 տոկոսը: Ընկերությունը գրասենյակներ ունի Մայամիում, Սան-Պաուլոյում և Մոնտեվիդեոյում:
- Natrus-ընկերությունն արտադրում է կոտլետներ բուրգերների և այլ ճաշատեսակների համար: Այստեղ Պիկեին է պատկանում բաժնետոմսերի 33 տոկոսը:
- 426 Miles –սա խմիչքների արտադրություն է: Ջերարդինն է ընկերության 40%-ը, իսկ 10% ը նրա առաջարկով ձեռք է բերել «Բարսելոնայի» նախկին ավագ Կարլոս Պույոլը:
Իսպանական մամուլը նշում է, որ Պիկեին և իր կնոջը՝ հայտնի երգչուհի Շակիրային են պատկանում ևս մի քանի ընկերության խոշոր բաժնեմասեր: Սակայն իսպանացի ֆուտբոլիստը չի շտապում հայտարարել դրանց մասին:
Սիրարփի Աղաբաբյան