Քաղաքապետի օգնականը կարծում է, որ Աշտարակն ու ամբողջ Արագածոտնի մարզը զբոսաշրջային մեծ ներուժ ունեն։ Նա վստահ է, որ զբոսաշրջիկների հոսքը կարելի է մի քանի անգամ մեծացնել։
Աշտարակը կարող է դառնալ Հայաստանի գաստրոնոմիական մայրաքաղաքն ու հայ գինեգործության հայրենիք Արենիի մրցակիցը։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Աշտարակի քաղաքապետի օգնական Արթուր Ոսկանյանը։
Քաղաքում հյուրանոցներ գրեթե չկան, հետևաբար զբոսաշրջիկներն այստեղ գիշերելու հնարավորություն չունեն։ Սակայն քաղաքային իշխանությունները որոշել են զարգացնել զբոսաշրջությունն ու միաժամանակ բարելավել բնակչության բարեկեցությունը։ Նրանք բիզնես-հյուրընկալության դասընթացներ են անցկացրել, ու հիմա 25 տնտեսություն կարող են զբոսաշրջիկների ընդունել, նրանց ապահովել գիշերակացով ու համեղ նախաճաշով։
«Մեր նպատակն է գոնե երկու օր պահել զբոսաշրջիկին։ Դրա համար միայն պատմամշակութային հուշարձանները բավարար չեն»,- ընդգծեց Ոսկանյանը` նշելով, որ քաղաքում միջնադարյան կամուրջ ու բաղնիքներ կան, կա նաև մի ջրանցք, որում ուրարտական շարվածքի հատվածներ են պահպանվել։
Ոսկանյանը համոզված է, որ քաղաքը կարող է հետաքրքրել զբոսաշրջիկին գինեգործարաններով ու մառաններով։ Դրանցից մի քանիսը շատ հին են ու նույնիսկ գինու բակ «կոչում» են ստացել։
Սակայն գինու իսկական սիրահարներին կարելի է գրավել միայն բարձրորակ ըմպելիքով։ Նա ընդգծեց, որ հենց դրա համար էլ Արագածոտնի 20 բնակիչ որակավորման բարձրացման դասընթացներ են անցել ու սովորել են գինեգործության ամբողջ գործընթացը՝ սկսած խաղող տնկելուց ու վերջացրած համտեսելով։
«Արենիի գինին հիանալի է, ու արդեն տարիներ շարունակ այնտեղ գինու փառատոն է անցկացվում, բայց մենք մի մեծ առավելություն ունենք․ ավելի մոտ ենք Երևանին ու կարող ենք ընդունել բիզնես-զբոսաշրջիկներին կամ այն մարդկանց, որոնք երկարատև ուղևորության ժամանակ չունեն»,- ասաց քաղաքապետի օգնականը։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am