Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սև ուժեր իրոք կան.
Հայկ Մարությանի թեման արդեն կարելի է փակված համարել։ Հայկն ինքն է, դեռ երեկ ցերեկն, իր բացատրություններով ու շտկումներով փակել այն։ Հիմա կարելի է խոսել նրա ագրեսիվ պաշտպանների ու ագրեսիվ քննադատների մասին։
Ագրեսիվ պաշտպաններն ամուր փակել էին իրենց աչքերը, հանել էին իրենց սրերն ու աջ ու ձախ թրատում էին՝ կրկնելով անընդհատ՝ տո, դուք ո՞վ եք, է, որ մեր Հայկին բան ասեք, հլը ձեզ նայեք։ Աչքերը փակ լինելու պատճառով չէին էլ նկատում, որ Հայկին ու իրենց շուրջը համախմբված իրենց ընկերներին են թրատում։ Որ նրանց սրից իրենց ընկերների այրունն է կաթում։
Ագրեսիվ քննադատներն, ի տարբերություն բարեկամական խոսք ասողների (այդպիսիք շատ էին) հենց Հայկի ասած սեւ ուժերն էին։ Իսկապես ու իսկական սեւ ուժեր։ Եթե Հայկն իր խոսքը ճիշտ ձեւակերպեր եւ հստակ մատնացույց աներ թիրախը, ապա բոլորը կտեսնեին նրա թիրախում գտնվող ուժի սեւությունը։ Այդ ուժին/ուժերին երեկ մարմնավորում էր Վիգեն Սարգսյանը։ Պարզ էր՝ Հայկի վրիպումը սեւերին ուրախացրել էր ու նրանք չհարձակվել չէին կարող։ Եւ Վիգեն Սարգսյանը հարձակվել էր իրեն ու իր գույնին վայել բառապաշարով ու չարությամբ»։