Սանկտ Պետերբուրգում աշխատող Սյուզաննա Մանուկյանը, որը համացանցում հայտնի է դարձել Ուիթնի Հյուսթոնի I Have Nothing երգի կատարման շնորհիվ, «ԿՊ-Պետերբուրգ» պարբերականին պատմել է իր գլխավոր հոբբիի մասին։
Համացանցի նորաթուխ աստղը հայտնել է, որ երեք տարեկանից երգում է։ Ճիշտ է` պրոֆեսիոնալ կրթություն չունի, բայց վոկալի դասեր է ստացել Երաժշտության տանը։
22 տարեկան Սյուզաննան ցանկացել է մասնակցել հանրահայտ «Ձայնը» նախագծին, բայց լսումների ժամանակ նրան չեն ընտրել։
«Ինձ ասացին, որ ամեն ինչ լավ է, ու ամեն ինչ այդքանով ավարտվեց», — նշել է նա։
Ավելի վաղ Sputnik Արմենիան տեսանյութ էր հրապարակել, որում Սյուզաննան երգում է Ուիթնի Հյուսթոնի I Have Nothing հայտնի երգը «Թիկնապահը» ֆիլմից։
Տեսանյութն արդեն մեծ թվով դիտումներ ունի և հիացական արձագանքի է արժանացել Youtube-ում։
«Շատ գեղեցիկ ձայն է, փշաքաղվելու աստիճան։ Բրավո», — գրել է kenlendbox օգտատերը։
«Օգնեք որևէ մեկդ այս հիանալի երգչուհուն։ Նա չպետք է մատուցողուհի աշխատի։ Նրա տեղը բեմում է», — տեսանյութն այսպես է մեկնաբանել Oberdörfer Swetlana-ը։
«Ուիթնի Հյուսթոնից հետո իմ լսած լավագույն կատարումն է», — ավելացրել է Ալեքս Վեսը։
Աղջիկը դպրոցն ավարտելուց հետո մատուցողուհի է աշխատում Սանկտ Պետերբուրգի ռեստորաններից մեկում, աշխատանքի ընդունելու պահանջը եղել է տաղանդավոր լինելը։
«Քույրս մանկավարժական համալսարանն ընդունվեց, գլխավոր մասնաշենքը հենց ռեստորանի դիմաց է։ Բաց դռների օրը ինձ հրավիրեցին համալսարանում ելույթ ունենալու, և ես տեսա մի մեծ պաստառ այն մասին, որ պահանջվում են մատուցողուհիներ, որոնք կարողանում են պարել ու աճպարարություն անել», — պատմել է Սյուզաննան։
Ռեստորանի մամուլի ծառայությունում նշել են, որ այդ երևույթը «պարող անձնակազմ» է կոչվում։
«Մեր ռեստորանի յուրաքանչյուր աշխատակից տաղանդավոր է որևէ բանում. նրանք և՛ երգում են, և՛ երաժշտական գործիքներ նվագում, և՛ բրեյք դանս պարում։ Այցելուներն ընթրիքին որպես լրացում դիտում են նաև մեր մատուցողների շոուն», — ասել են մամուլի ծառայությունից։
Շատերը գիտեն այս ռեստորանի ձևաչափն ու գալիս են այստեղ աշխատելու, որպեսզի զարգացնեն իրենց ստեղծագործական հմտությունները։ Այստեղ նրանք արտիստի կարիերա սկսելու հնարավորություն ունեն, չէ՞ որ ռեստորանում կարող է որևէ պրոդյուսեր նկատել նրանց։