Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը հանդիպել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հայ ազգագրության բաժնի վարիչ, ազգաբան, հնագետ,պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Հոբոսյանին և փոխտնօրեն, վիմագրության բաժնի ավագ գիտաշխատող, պատմանական գիտությունների թեկնածու Գագիկ Սարգսյանին:
Հյուրերը փոխմարզպետի և մարզպետարանի աշխատակազմի զարգացման, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Արամ Կոստանյանի ուղեկցությամբ այցելեցին Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցին կից նոր կառուցվող շենքի շինհրապարակին կից հայտնաբերված գինու հնձան: Մասնագետներն այցի ընթացքում քննարկեցին շինարարական աշխատանքները շարունակելու հնարավոր ուղիները` կարևորելով հնագույն գտածոներին վնաս չհասցնելու հարցը:
Ս. Հոբոսյանը նշեց, որ հարկավոր է ճարտարապետների հետ քննարկել հնձանը դպրոցի շենքում, որպես առանձին պահպանվող տարածք, ներառելու տարբերակը: Միաժամանակ խոսվեց շինարարության նախագծում որոշակի փոփոխությունների անհրաժեշտության մասին:
Ն. Ասատրյանը շեշտեց, որ կարևորելով մշակութային ժառանգության պահպանումը, միևնույն ժամակ հարկավոր է խնդրին տալ այնպիսի լուծում, որի արդյունքում կշարունակվի դպրոցի շենքի շինարարությունը, քանի որ Եղեգնաձորում դպրոցի նոր շենքի կառուցումը կենսական անհրաժեշտություն է։