Հետաքննչական կոմիտեն նոր գործ է հարուցել Ջիգարխանյանի անձնական կյանքի անձեռնմխելիության խախտման մասին
Advertisement 1000 x 90

Հետաքննչական կոմիտեն նոր գործ է հարուցել Ջիգարխանյանի անձնական կյանքի անձեռնմխելիության խախտման մասին

Նոր քրեական գործ է հարուցվել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի անձնական կյանքից տեսակադրերի հրապարակման փաստով: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է նրա փաստաբան Եվգենի Պարֆյոնովը:

«Ռուսաստանի հետաքննչական կոմիտեն նոր քրեական գործ է հարուցել առանց անձի համաձայնության նրա անձնական կյանքի վերաբերյալ տեղեկությունների անօրինական հավաքման կամ տարածման մասին, որոնք նրա անձնական կամ ընտանեկան գաղտնիքն են»,- ասել է Պարֆյոնովը: Փաստաբանի խոսքով՝ արտիստը տեղյակ է նոր քրեական գործի հարուցման մասին և այդ գործով տուժած է ճանաչվել:

Նոր քրեական հետապնդում սկսելու համար հիմք է դարձել 2017 թվականի դեկտեմբերի 5-ին դաշնային հեռուստաալիքներից մեկով շարժական հեռախոսից տեսահոլովակի ցուցադրումը, որը նկարահանել ու մեկնաբանել է Ջիգարխանյանի նախկին կինը և նրա թատրոնի նախկին տնօրենը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան: Տեսագրության մեջ ժողովրդական արտիստը ներկայանում է խղճուկ տեսքով, իսկ բուն տեսահոլովակը փաստաբանը որակել է «անվայելուչ»:

Ներկայում հաշտարար դատարանը քննում է Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի նկատմամբ հարուցված առաջին քրեական գործը, որով նա մեղադրվում է առանց անձի համաձայնության նրա անձնական կյանքի վերաբերյալ տեղեկությունների անօրինական հավաքման կամ տարածման մեջ, որոնք նրա անձնական կամ ընտանեկան գաղտնիքն են: