Այս աշունն ինձ համար շատ ակտիվ է. Տաթև Հովակիմյանը՝ «Չերգված անցյալը» ֆիլմում նկարահանվելու մասին. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Այս աշունն ինձ համար շատ ակտիվ է. Տաթև Հովակիմյանը՝ «Չերգված անցյալը» ֆիլմում նկարահանվելու մասին. life.panorama.am

Արդեն հայտնի է, որ դերասան, ռեժիսոր Արման Նշանյանը շուտով կսկսի իր նոր՝ «Չերգված անցյալը» գեղարվեստական լիամետրաժ ֆիլմի նկարահանումները, որը ներկայացնում է Կոմիտասի կյանքի պատմությունը, հայ և թուրք աղջիկների ընկերությունն ու Համիդյան ջարդերի ժամանակահատվածը։

Ֆիլմի կենտրոնական կերպարներին կմարմնավորեն Սամվել Թադևոսյանը, Սոս Ջանիբեկյանը, Արևիկ Գևորգյանը և Տաթև Հովակիմյանը: Վերջինս Life.panorama.am-ի զրուցակիցն է և պատմել է ոչ միայն այս ֆիլմի, այլև իր աշնանային ծրագրերի մասին:

««Չերգված անցյալը» ֆիլմում ներգրավվածությունս հաստատվել է համապատասխան քասթինգն անցնելուց հետո: Անշուշտ ուրախացա, երբ ընտրվեցի, քանի որ ունեի մեծ վստահություն, որ ռեժիսոր Արման Նշանյանը և երկրորդ ռեժիսոր Վարդան Հակոբյանը հաստատ բարձր մակարդակի աշխատանքն են ստեղծելու: Հենց սկզբից ինձ գրավել է թիմը, որտեղ բոլորը բավականին պրոֆեսիոնալ են իրենց գործում: Այստեղ հավաքված է հրաշալի դերասանական կազմ, ինչը ևս հաջող աշխատանքի մասին է հուշում»,- նշեց Տաթևն ու շարունակեց.

«Այս աշխատանքում ինձ գրավեց նաև սցենարը, որին դեռևս հպանցիկ եմ ծանոթ, բայց շատ տպավորված եմ: Ֆիլմը Կոմիտասի կյանքի մասին է, որտեղ ընդգծված ներկայացվելու է հայ ու թուրք աղջիկների և Կոմիտասի ընկերությունը: Իհարկե, երբեմն բացառություններ լինում են, բայց մեծամասամբ ինձ համար ավելի տպավորիչ են պատերազմների մասին այն ֆիլմերը, որոնք առանց ջարդի տեսարանների են, որոնցում նկարագրվում են նախապատերազմյան և հետպատերազմյան շրջանները: Կարծում եմ՝ հետաքրքիր կլինի և նկարահանումները, և արդեն պատրաստի ֆիլմը»:

Խոսելով իր կերպարի մասին՝ դերասանուհին նշեց.

«Այս ֆիլմում հայ աղջկա կերպարն եմ ներկայացնելու: Ասեմ, որ կան մեր հերոսների մանկության տեսարաններ, որոնք մարմնավորելու են երեխաներ: Նրանք արդեն ընտրված են և վստահ կարող եմ ասել, որ դիտողների համար այդ երեխաները բացահայտում են լինելու»:

«Չերգված անցյալը» ֆիլմի նկարահանումները կսկսվեն հոկտեմբերին:

Անդրադառնալով Տաթև Հովակիմյանի այլ աշխատանքներին՝ դերասանուհին ներկայացրեց:

«Այս աշունն ինձ համար շատ ակտիվ է: Պատրաստվում եմ նոր ներկայացումների. Տիկնիկային թատրոնում շուտով կներկայացնենք ֆրանսուհի դրամատուրգ Յասմինա Ռեզայի «Սպանդի աստվածը» ներկայացումը, որի ռեժիսորն է Սաթե Խաչատրյանը: Այստեղ խաղում եմ Նարինե Գրիգորյանի, Սերգեյ Թովմասյանի և Արթուր Մանուկյանի հետ: Այս ներկայացումը կհանձնենք հոկտեմբերին: Դրան զուգահեռ՝ այժմ աշխատում եմ նաև Պատանի հանդիսատեսի թատրոնում ներկայացվելիք «Ետ նայիր զայրացած» ներկայացման վրա, որի հեղինակն է Ջոն Օսբորնը, և այն այստեղ կյանքի է կոչում ռեժիսոր Իշխան Ղարիբյանը: Այստեղ խաղում եմ Պատանի հանդիսատեսի թատրոնի երկու երիտասարդ դերասանների և Արևիկ Գևորգյանի հետ»:

Տաթևը նկատեց նաև, որ այս պահին հեռուստատեսային շատ նախագծերից հրավերներ ունի, սակայն դեռևս չի ստացել իր համար հետաքրքիր սցենարով առաջարկ, որը թույլ կտա համաձայնել:

life.panorama.am



Նման նյութեր