ԱՄՆ բնակիչ 56-ամյա Էլլեն Սփենսերը բախվել է հազվագյուտ արտասահմանյան առոգանության համախտանիշի հետ, որը նրա մոտ զարգացել է մեկ գիշերվա ընթացքում: Նևրոլոգիական այս ախտանիշի պատճառով կնոջը բոլորը որպես ֆրանսուհի են ընդունում, չնայած նա ամբողջ կյանքում խոսել է միջին Արևմուտքին հատուկ ամերիկյան առոգանությամբ:
Կարծիք կա, որ համախտանիշը կապված է ուղեղի խոսքի կենտրոններում խանգարումների հետ: Էլլենի մոտ արտասահմանյան առոգանության համախտանիշը զարգացել է ընդամենը մեկ գիշերում: Տնեցիները նախ մտածել են, թե նա կատակում է՝ խոսելով մերթ ֆրանսերեն, մերթ գերմաներեն առոգանությամբ, սակայն հետագայում պարզվել է, որ նա չի կարողանում այս փորձանքից ազատվել:
Այդ ժամանակից անցել է 10 տարի, իսկ ամերիկուհին մինչև հիմա անգլերեն բառերը դժվարությամբ է արտաբերում: Էլլենն անցել է բազմաթիվ բժշկական հետազոտություններ, թերապիայի փորձարարական մեթոդներ, նույնիսկ հաճախել է լոգոպեդին: Սակայն նա կարողանում է արտասահմանյան առոգանությունից ազատվել միայն այն ժամանակ, երբ երգում է:
Էլլենը հիմա ակտիվիստ է և փորձում է ուշադրություն հրավիրել արտասահմանյան առոգանության համախտանիշի վրա: Հասարակական աշխատանքը նրան օգնել է շատերի հետ ծանոթանալ, ովքեր նույնպես բախվել են այս խանգարման հետ: