Ես բազմիցս փաստարկված, քննադատել եմ վարչապետին արտաքին քաղաքական բացթողումների համար, և դա չի վերաբերել միայն հայ-ռուսական հարաբերություններին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Տեսակետին, թե ՀՀԿ-ականներն իրենց հայտարարություններով կարծեք տղա են բերում վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա, Շարմազանովն արձագանքեց.
«Բրյուսել այցից հետո էլ քննադատել եմ նրա մոտեցումները հայ-եվրոպական օրակարգի վերաբերյալ և նշել, որ անթույլատրելի է մուննաթ գալ Եվրոպայի վրա, որ ըստ իրեն բավարար ֆինանսավորում չի հատկացվում:
Երկրորդ՝ եթե շարժվենք ինձ քննադատողների տրամաբանությամբ, ապա պետք է փաստել, որ Հայաստանի վրա Ռուսաստանից տղա կանչել է ոչ թե Շարմազանովը, այլ հենց ինքը Փաշինյանը, քանի որ հանրահավաքների ժամանակ հրապարակի հարթակից օրը մի քանի անգամ ցիտում էր Պեսկովին և Մարիա Զախարովային: Ես չեմ ցիտել ռուս պաշտոնյաների ելույթները, այլ ինքը:
Եվ վերջապես երրորդ՝ այո, կարծում եմ, որ վարչապետի չստացված հրապարակային հումորային պատասխանները կարող են ազդել մեր երկրների հարաբերությունների վրա, ինչը կարող է հղի լինել ոչ ցանկալի հետևանքներով, իսկ դա Հայաստանի և մեր ժողովրդի շահերից չի բխում:
Այնպես չի, որ գիշերը չեմ քնում, որ Փաշինյանին պատասխանեմ: Քավ լիցի, իմ խնդիրն է սպասարկել իմ երկրի շահը և Հայաստանի ու Արցախի անվտանգությունը: Եվ եթե վտանգներ տեսնում եմ, պարտավոր եմ արձանագրել ու բարձրաձայնել: Այդպես ավելի ազնիվ է, քան պատերի տակ նվնվալ»,- ասաց նա: